Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելու առաջարկությամբ։ Եթե գեներալի առաջարկությունն ընդունվի, դա ինքնաբերաբար բերելու է մարտի 31-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հետաձգմանը։

Փորձենք հասկանալ, թե ինչ խնդիր են լուծում Արցախի ընտրությունները, ու ինչքանով են մոտիվացված կամ անկեղծ Բալասանյանի փաստարկները։

Ավելորդ է ասել, որ Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները չի կարելի դիտարկել բացառապես ներքաղաքական համատեքստում, ավելին՝ այդ ընտրություններում, այսպես ասած, ներքին բաղադրիչը ամենաթույլն է արտահայտված, որովհետև՝ բացառությամբ մեկ թեկնածուի, որը հաղթելու շանս չունի, մյուսներն ըստ էության հանդես են գալիս գրեթե նույն ծրագրերով։ Ըստ այդմ՝ Արցախի ընտրություններն առաջին հերթին միտված են ԼՂՀ սուբյեկտության մեծացմանը, ընդ որում՝ դա պետք է կապիտալիզացվի ոչ միայն ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլ նաև, այսպես ասած, ներհայկական հարաբերություններում։ Նախկին քսան տարիներին Արցախն իր սուբյեկտությունը կորցրել է ոչ միայն բանակցային գործընթացում, այլ նաև Հայաստանի հետ հարաբերություններում։ Պատահական չէ, որ Արցախի իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, չունեին սուբյեկտություն ու դարձել էին Հայաստանում հաստատված հին համակարգի լոկալ ինստիտուցիոնալ դրսևորումը։ Ու այդ ամենը տեղի էր ունեցել Արցախի սուբյեկտության հաշվին։ Հիմա բացառիկ հնարավորություն է ստեղծվել օրինական ընտրությունների անցկացման շնորհիվ կարևոր քայլ կատարել հայկական երկրորդ պետության սուբյեկտությունը մեծացնելու ուղղությամբ։

Մյուս կողմից Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որի արժեքները պետք է կապիտալիզացվեն Արցախում՝ այն պարզ պատճառով, որ երկու հայկական պետությունները գտնվում են միևնույն քաղաքական-անվտանգային միջավայրում։ Ու այս համատեքստում պատահական չէ, որ Արցախի ընտրությունների հետաձգման կոչով հանդես է գալիս Վիտալի Բալասանյանը, որն, ըստ էության, թեկնածուներից միակն է, որն աջակցություն ունի Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի կողմից։ Կարծում եմ՝ խնդիրը ոչ թե կորոնավիրուսով պայմանավորված մտահոգություններն են, այլ հայտնի շրջանակի այն մտավախությունը, որ իրենց աջակցությունը վայելող գեներալը նախագահական ընտրություններում անփառունակ պարտություն է կրելու։

Բարեբախտաբար, այս պահին Արցախում կորոնավիրուսով վարակի դեպք չի հայտնաբերվել, ու ընտրություններին մնում է ընդամենը մի քանի օր, ասել կուզի՝ դրանց նորմալ անցկացմանը որևէ բան չի խոչընդոտում, մանավանդ որ Արցախի մեր հայրենակիցները պատրաստ են ֆորս-մաժորային իրավիճակներին ու ունեն քաղաքացիական բարձր գիտակցություն։

Մյուս կողմից՝ Արցախում ընտրությունները հետաձգելը անթույլատրելի է, որովհետև գործ ունենք ոչ միայն նախագահի, այլ նաև խորհրդարանի ընտրությունների հետ, ու դրանց չանցկացումը կարող է առաջացնել իշխանության, Սահմանադրության վակուում, ինչը կարող է վտանգել ԼՂՀ անվտանգությունը։

Ու ևս մի քանի լուրեր Արցախից, կարևորը, որ ռոբասերժական ռեժիմը հանկարծ չհաղթնակի Արցախում, թեև՝ դա ընդսմին արցախցիների ներքին գործն է:

Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հրահանգով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հավաքագրել է կամավորների խումբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Միայնակ, ծեր և հիվանդ կամ ինքնամեկուսացված քաղաքացիներին խնամելու, օգնելու անհրաժեշտության դեպքում, կամավորները հատուկ հրահանգներով կկատարեն իրենց առաքելությունը: Նախատեսվում է նաև անհրաժեշտության դեպքում նրանց ներգրավվել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից տարվող աշխատանքներում: Մայրաքաղաք Ստեփանակերտից և Արցախի տարբեր շրջաններից արդեն գրանցվել է 45 կամավոր: Հարկ է նշել, որ շատ երիատասարդներ պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում միանալ կամավորական առաքելություն իրականացնող իրենց ընկերներին»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 25-ին «Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել:

Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները «Facebook Messenger» ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ. ծնված Ի. Վ.-ն:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից, ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել և չհավատալ խուճապ առաջացնելու նպատակով տարածվող նման կեղծ լուրերի և հետևել պաշտոնական տեղեկատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին Արցախից, Հայաստանից և Սփյուռքից շատերն են դիմում ինձ խնդրանքով՝ հստակեցնելու իմ դիրքորոշումը կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեր քաղաքական թիմը «Նոր Արցախ» դաշինքի և դաշնակից մյուս ուժերի հետ միասին հսկայական աշխատանք է տարել արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը հանրության առավել լայն շերտերի համար հասանելի և ընկալելի դարձնելու համար։ Միանշանակ կարող ենք փաստել, որ հանրության լայն շրջանակներում ոգևորություն է նկատվում, ընտրողների զգալի մասի մոտ առկա են կամք ու վճռականություն՝ արմատական բարեփոխումների ճանապարհով Նոր Արցախի հիմքը դնելու, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում մեզ, որ մարտի 31-ին կարձանագրվի զարգացման նոր հայեցակարգի հաղթանակը։

Միևնույն ժամանակ, մեզ պատուհասած համաճարակի գնալով ահագնացող վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի համաճարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Խորապես գիտակցելով մեր ազգային անվտանգությանը սպառնացող այսօրվա մարտահրավերները և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեք համարելով՝ ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Առողջություն եմ մաղթում բոլորիս և վստահ եմ, որ մեր ժողովուրդը հաղթանակած ու ամրապնդված է դուրս գալու այս փորձությունից։

Spread the love