Ազատություն քարոզող Ջազի միջազգային օրն է

- in Մշակույթ
Jazz

Մի առիթով հանրահայտ երաժիշտ, կոմպոզիտոր Լուի Արմսթրոնգին հարցրել են, թե ինչ է ջազը: Նա պատասխանել է. «Եթե դուք նման հարց եք տալիս, ուրեմն այն երբեք չեք հասկանա»:

 http://jazzbluesnews.com/Ազատություն քարոզող ջազը, որն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ, կարողացել է կոտրել բոլոր մշակութային սահմանները՝ դառնալով համամարդկային երաժշտություն:

Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ընդգծեց, որ 2012 թվականից աշխարհը տոնում է Ջազի միջազգային օրը: «Հիշում եմ, դեռ 2012-ին, երբ Երևանի քաղաքապետարանում էի աշխատում, տոնի կապակցությամբ համերգային ծրագիր կազմակերպեցինք, որը շատ հաջող անցավ: Այն հետաքրքություն առաջացրեց թե՛ երևանցիների, թե՛ հյուրերի շրջանում: Հենց այդ տարի նամակ ստացանք ամերիկացի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Հերբի Հենքոքից, որը մեզ շնորհակալություն էր հայտնում օրը շուքով տոնելու համար»,-պատմեց Մովսեսյանը:

Նա հավելեց, որ ամեն տարի ապրիլի 30-ին Կասկադում համերգային երեկոներ են անցկացրել, իսկ այս տարի Ջազի տոնը կնշեն վիրտուալ հարթակում:

Ապրիլի 30-ին կայանալիք օնլայն համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան­տրիոն, «Նոր կվինտետը», Ռաֆայել Պետրոսյան­տրիոն, Վահագն Հայրապետյան­ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց­ կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:

«Համերգը կներկայացնենք «Ֆեյսբուք»-ի՝ Ջազի ասոցիացիայի պաշտոնական էջում: Ցուցադրելու ենք ուղերձներ, շնորհավորանքներ, որոնք ստացել ենք ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մակեդոնիայից: Ներկայացնելու ենք նաև նախկինում կազմակերպված համերգներից տեսանյութեր: Բնականաբար, այս ամենը չի կարող փոխարինել կենդանի համերգին, բայց ինչ-որ կերպ կփորձենք  արդարացնել այն երաժշտասերների ակնկալիքները, որոնք սպասում են այս տոնին»,-ասաց Մովսեսյանը:

Նրա խոսքով՝ տեսնում են, որ ամեն տարի ջազի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ինչն իրենց շատ է ոգևորում և սահմանափակ բյուջեով անգամ կարողանում են Հայաստան հրավիրել այնպիսի հանրաճանաչ արտիստների, ինչպիսիք են՝ Գոնսալո Ռուբալկաբան, Դավիթյան եղբայրները, Ռիչարդ Բոնան և այլք:

Ըստ Մովսեսյանի՝ ջազը զգացմունքներն արտահայտելու լավագույն միջոցներից է: Երաժիշտը ջազի միջոցով կարողանում է հանդիսատեսին ներկայացնել իր ներաշխարհը:

«Չեմ կարծում, որ ջազից առավել էմոցիոնալ երաժշտություն կա, որն ի զորու է փոխանցել պոռթկումները: Երբ Երևանում Ռուբալկաբայի համերգն էինք կազմակերպում, տեխնիկական հարցերով զբաղվող երիտասարդը իր հետ հավելյալ սարքավորումներ էր բերել: Ես նրան հարցրի, թե որքան գումար պետք է ավելացնել, նա ասաց, որ առհասարակ գումար չի վերցնի, քանի որ Ռուբալկաբան իրեն այնպիսի հույզեր է փոխանցել, որոնք անհնար է գումարով չափել: Իսկ Ռիչարդ Բոնայի համերգից հետո ունկնդիրներից մեկը մոտեցավ՝ ասելով, որ այլևս նման համերգ չկազմակերպենք: Երբ  զարմացած հարցրի, թե ինչու, նա պատասխանեց, որ այսպիսի էմոցիաներ չի կարելի արթնացնել»,-պատմեց Կամո Մովսեսյանը:

Անդրադառնալով հայկական ջազին՝ Մովսեսյանը շեշտեց, որ այն մարդիկ, որոնք հիմնել ու պահպանել են հայկական ջազը, նվիրյալներ են: Նվիրյալներ են Արմեն Հյուսնունցը, Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը և այլ ջազային երաժիշտներ,  որոնք մեծ ներդրում ունեն այս ոլորտի զարգացման ու պահպանման գործում: «Նրանք մեզ մեծ ուժ են տալիս, ոգևորում»,-շեշտեց ասոցիացիայի նախագահն ու հավելեց, որ Հայաստանում ջազի զարգացման ու տարածման գործում դերակատարություն ունի նաև «Երևան ջազ ֆեստ»-ը: Այս տարի նախատեսում են այն անցկացնել հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments