Ակնհայտորեն Արցախում հասունացվում է հեղափոխական իրավիճակ

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից միայն հինգ օր հետո Մասիս Մայիլյանը, որը պաշտոնական տվյալներով անցել է երկրորդ փուլ, հանդես եկավ բովանդակային գնահատականով։

«Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։

Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայիլյանը։

Իհարկե, արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, որ Մայիլյանը նահանջում է կամ առնվազն նախադրյալներ է ստեղծում, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանը անաղմուկ արձանագրի անցնցում հաղթանակ։ Գուցե Մայիլյանի վարքագիծն, ի վերջո, բերի նման հետևանքի, սակայն հարկադրված ենք արձանագրել, որ Արցախի ԱԳ գործող նախարարի հայտարարությունն ամենևին էլ ուղղված չէ քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։

Նախ՝ ի տարբերություն նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության, Մայիլյանն ամենևին էլ չի ճանաչում ընտրությունների առաջին փուլի լեգիտիմությունը կամ օրինականությունը։ Ի դեպ, նրա այս գնահատականը հակադրության մեջ է մտնում նաև Արցախի ԱԳՆ հայտարարության հետ, որն ընտրությունների հենց հաջորդ օրն արձանագրել էր ժողովրդավարության հաղթանակն Արցախում։

Այս համատեքստում առնվազն հարցեր են առաջանում Մասիս Մայիլյանի քաղաքական վարքագծի ադեկվատության շուրջ, մանավանդ, որ նա տակավին շարունակում է պահպանել իր առանցքային պաշտոնն Արցախում։

Այնպիսի տպավորություն է, որ Մայիլյանը կամ այն ուժերը, որոնք աջակցում են նրան, փորձում են հասնել ընտրությունների հետաձգմանը կամ դրանց ապալեգիտիմացմանը։

Ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավել ևս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը՝ գրում է Մայիլյանը՝ ակամայից բացահայտելով, որ հենց ինքն է կանգնած Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի թիկունքում։ Թեև, անկեղծ լինելու համար, արդեն իսկ ակնհայտ էր այդ փաստը, մանավանդ, որ հանրահավաքը տեղի ունեցավ նախագահի թեկնածուի հայտարարությանը զուգահեռ, ու նույնիսկ տեսանյութում երևում է, որ դրան մասնակցում են Մայիլյանի մի քանի հայտնի աջակիցներ։

Արցախի հեղափոխական կուսակցությունը երեկ հանրահավաք էր կազմակերպել Ստեփանակերտում։ Հավաքվածներն իրենց դժգոհությունն էին հայտնում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից և կոչ էին անում չեղարկել ընտրությունները, պահանջում էին Բակո Սահակյանի ու նրա իշխանության հրաժարականը։

Ակնհայտորեն Արցախում հասունացվում է հեղափոխական իրավիճակ, ինչն, ի դեպ, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, եթե նկատի ունենանք, որ գործ ունենք առաջնագծի հետ։

Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում։ Արդյոք խոսքը միայն Մայիլյանի փոքր թիմի՞ մասին է։ Եթե այո, ապա այս շարժումը զարգացման մեծ հեռանկար չունի։ Արդյոք նախագահական ընտրություններում Մայիլյանի դաշնակից Սամվել Բաբայանն աջակցո՞ւմ է նրան։ Այս հարցը հստակ պատասխան չունի, մանավանդ, որ գեներալի հարցազրույցները միանշանակ մեկնաբանել հնարավոր չէ։

Եվ ամենակարևոր հարցը՝ կա տպավորություն, որ չնայած Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանի իշխանության ինչ-որ սեգմենտներ կամ դրան մոտ կանգնած շրջանակներ անուղղակի աջակցում են Մայիլյանին։ Եթե դա այդպես է, ապա վարչապետը պետք է կանխի նման միտումները, հակառակ պարագայում Արցախի ներքաղաքական էսկալացիայի հնարավոր պատասխանատվությունը կարող է մնալ պաշտոնական Երևանի վրա։

Ընդ որում՝ հնարավոր լարվածությունն Արցախում ու զանգվածային միջոցառումների անցկացումը ոչ միայն անվտանգային, այլ նաև համաճարակային ռիսկեր են ծնում։

Արցախի ընտրություններն անշուշտ իդեալական չէին, բայց մեծ իմաստով՝ ժողովրդավարական էին, ու անընդունելի են հայաստանյան թավշյա հեղափոխության սցենարներն Արցախ տեղափոխելու փորձերը։ Ում կողմից էլ, որ դրանք լինեն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments