Ակնհայտ է, որ մենք դրական տեմպերը կկորցնենք

- in Տնտեսական

Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով՝ հարկային հավաքագրումները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով։ Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավական լուրջ գերակատարումներ ենք ունեցել։ Եվ 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, իհարկե, բոլորս գիտակցում ենք, որ կորոնավիրուսի արդյունքում առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ շատ կան։ «Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, և մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին։ Իհարկե, ստեղծվել են նոր պայմաններ, նոր իրավիճակ, և ճգնաժամային իրավիճակում մենք պետք է նույնքան արդյունավետ կարողանանք տնտեսական որոշումներ կայացնել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը։ Շնորհակալություն հայտնեց նաև ՊԵԿ-ին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար։ «Եվ ուզում եմ կրկին ընդգծել, որ այս ճգնաժամը ոչ թե պետք է առիթ դառնա, որ մենք հարկային կարգապահությունը նվազեցնենք, այլ ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա։ Եվ ուզում եմ ասել, որ այն, այսպես ասած, շրջիկ խոսակցությունը, որ կա՝ թե մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում ու հավաքում, ուզում եմ կրկին ընդգծել, որ հարկերը գոյանում են դրամաշրջանառության, եկամուտների և շահույթների առկայության պարագայում։ Այսինքն՝ գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, ովքեր շրջանառություն և եկամուտներ չունեն։ Իհարկե, կան որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց ընդհանուր առմամբ նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցության ծրագրեր ենք իրականացնում։ Բայց ուզում եմ ասել, որ հարկային կարգապահությունը որևէ ձևով չպետք է թուլանա, այլ ընդհակառակը, պետք է ուժեղանա։ Առավել ևս այս ճգնաժամային պայմաններում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2020 թվականի բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով»,- հավելեց վարչապետը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments