ԱՄՆ-ում ամենուր բացվում են ժամանակավոր հոսպիտալներ

- in Հասարակություն
USA

ԱՄՆ Քընեքթիքութի նահանգապետը Թվիթերում գրել է, որ 6 շաբաթական երեխան դարձել է կորոնավիրուսի ամենաերիտասարդ զոհը: Նա ասել է, որ երեխան հիվանդանոց է ընդունվել արդեն անգիտակից վիճակում, տեղեկացնում է Lenta-ն:

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1374 մարդ, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում: «Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ այս տվյալները տրամադրել է Ջոն Հոփքինսի համալսարանը: Աշխարհումվարակի բռնկումից ի վեր սա մեկ օրում գրանցված մահվան ամենաբարձր ցուցանիշն է:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման հետ կապված դիտարկվում է իրավիճակի վատթարացում: Այն առաջին տեղն է վարակվածների թվով: Վերջին տվյալներով երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 215 հազարը, մահացել է 4 հազար 500-ից ավելի մարդ:

Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ:  Քաղաքային իշխանությունները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Նյու Յորքի Քվինս թաղամասի «Էլմհարսթ» հիվանդանոցը հայտնվել է քաղաքում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնում: Այստեղ մեծ թվով հիվանդներ կան: Վերջիններիս սպասարկելու համար հիվանդանոցին կից բացվել են վրանային բուժօգնության կետեր:

Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Բրուքլինի հիվանդանոցում, որը ևս պետական բուժհաստատություն է: Բոլոր բժշկական կենտրոնները մարդաշատ են, ամենուրեք լսվում է անցնող շտապ օգնության ավտոմեքենաների շչակների ձայնը:

Այժմ Միացյալ Նահանգներում ընթանում է հարյուրավոր ժամանակավոր հիվանդանոցների կառուցման գործընթաց՝ կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար: ԱՄՆ-ում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն անցել է 200 հազարից: Կորոնավիրուսից մահացել է շուրջ 4300 մարդ: Այս թիվը գերազանցել է ընդհանուր մահացածների թիվը Չինաստանում, որտեղ սկսվել էր համաճարակը:

ԱՄՆ պաշտոնական աղբյուրները նշում են, որ մահերի թիվը կարող է լինել անհամեմատ ավելի մեծ՝ 100 մինչև 200 հազար մարդ:

Հաշվի առնելով այս զարգացումները` ամերիկյան բանակի ինժեներական ստորաբաժանումները ձեռնարկել են ժամանակավոր հիվանդանոցների ստեղծման գործընթաց՝ բազմաթիվ կենտրոններ, հյուրանոցներ և այլ տարածքներ վերածելով բուժսպասարկման կետերի:

Նյու Յորքում ևս շատ տեղերում հիմնվում են ժամանակավոր հիվանդանոցներ: Դրանցից մեկը բացվել է Նյու Յորքի նշանավոր Սենթրալ Փարքում, մեկ այլ բուժսպասարկման կենտրոն է հիմնվել թենիսի ազգային կենտրոնում, որտեղ սովորաբար անցնում է ԱՄՆ թենիսի բաց մրցաշարը:

Լոս Անջելեսի «Մերսի» նավի օրինակով այստեղ ևս ժամանակավոր հիվանդանոցներ են բացվել նավի վրա Հուդզոն գետում, որոնք կարող են ընդունել մինչև 1000 հիվանդի: Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած նահանգը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments