Այսօրվա խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է Ադրբեջանում

- in Հասարակություն
AJ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։ Նա անդրադարձավ շատ օգտատերերի կողմից հավանության արժանացած հարցին, թե արդյոք ժամանակը չէ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերին «տուն ուղարկել» և նոր կադրերով համալրել խորհրդարանական խմբակցությունը։

«Կարծեմ՝ առիթ ունեցել եմ արդեն ասելու, որ այսօրվա խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եվ պաշտոնական հիմնավորումն այն էր, որ Ադրբեջանն ունի կարիք ավելի երիտասարդ և ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհրդարան ձևավորելու։ Աշխարհում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում փոխվել էր միայն այն, որ Հայաստանում տեղի էր ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ՀՀ-ում ձևավորվել էր նոր երիտասարդ խորհրդարան»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության աշխատանքն էֆեկտիվ է գնահատում։ «Ես համարձակություն կունենամ ասելու, որ սա ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով ձևավորված խորհրդարան է, և ես կարծում եմ, որ խորհրդարանը, որպես քաղաքական մարմին, իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին։ Եվ, բնականաբար, խորհրդարանական մեծամասնությունն առաջին հերթին ձևավորում է խորհրդարանի իմիջը»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, մի դիտարկում կանի խմբակցության գործունեության հետ կապված։ «Իհարկե, խմբակցությունը ձևավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում, և կարծում եմ նրա ամենակարևոր խնդիրը կայանալ որպես ամբողջական գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ։ Եվ այս առումով կա լուրջ անելիք, ես հույս ունեմ, որ այդ անելիքը միասին կանենք լիարժեք։ Իսկ մինչև այս պահը կարծում եմ՝ այդ խնդիրը լուծված է բավական արդյունավետ կերպով։ Ես կարող եմ ասել, որ, օրինակ, վերջին ամենաքաղաքական քննարկումը, որը եղավ խորհրդարանում, կարող եմ հիշել Սահմանադրական հանրաքվե նշանակելու քննարկումը։ Ես այդ հարցի քննարկման ժամանակ հպարտություն ապրեցի Իմ քայլը խմբակցության համար, որովհետև շատ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ։ Հետագա քննարկումներում ևս Իմ քայլը խմբակցությունը շատ բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց»,- ասաց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments