TAXI

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար սահմանել լիցենզիայի տարեկան տուրք 100 հազար դրամ:

Նախագիծը երեկ տեղադրվել է e-draft կայքում:

Նշվում է, որ ներկայումս տաքսի ծառայություն է մատուցում 190 կազմակերպություն, որոնցից 46-ը 1-4 ավտոմոբիլով եւ վճարում են լիցենզիայի համար տարեկան 100000 դրամ պետական տուրք, իսկ 67-ը` 5 եւ ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Իսկ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների համար լիցենզիայի պետական տուրքը հանվել է:

Այսինքն անհավասար պայմաններ են ստեղծվում նույն գործունեությունն իրականացնողների համար պետության կողմից մատուցվող նույն ծառայության՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքի մասով: Բացի այդ, կազմակերպությունները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով վճարում են գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու տուրք ըստ տրանսպորտային միջոցնրի քանակի: Հարկային պարտավորությունների մասով նույնպես առկա են անհավասար պայմաններ գործունեություն իրականացնողների համար:

Այսպիսով փոփոխություններով առաջարկվում է․

1.Լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 100000 դրամ:

2.Ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող ներառյալ էլեկտրոնային հարթակներով եւ այլ տեխնիկական միջոցներով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, լիազոր մարմնին տրամադրելով տվյալների բազան: Նրանց գործունեությունը կկարգավորվի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով:

3.Սակաչափիչ սարք է ընդունվում ինչպես տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչը, այնպես էլ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС եւ այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքը:

4.Կանոնակարգվում է 6-ից 8 տեղանոց թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեությունը:

5.Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը:

6․ Կանոնակարգվում են օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների եւ միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:

7.Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 եւ ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •