Ապրիլյան քառօրյան հասունանում էր մի քանի տարի շարունակ

- in Հրապարակ
Zinvor

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Չորս տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց Արցախից ստացվող տեղեկություններից, որոնք պատերազմի մասին էին:

Մի բան, որը թվում էր, թե մեր սերնդի համար լինելու է այլևս անցյալում, որ մեր սերունդը ստիպված չի լինելու պատերազմել, քանի որ այդ կռիվը հաղթանակով տրվել էր արցախյան շարժման ու առաջին պատերազմի ընթացքում: Բայց փաստորեն շրջանառության մեջ մտավ նաև արցախյան երկրորդ պատերազմ արտահայտությունը՝ իր զոհերով և վիրավորներով:

Այդ ծանր գնով հայկական զինված ուժերը կասեցրին հայկական պետականության դեմ կազմակերպված գրոհը, որ իրականացվում էր Ադրբեջանի ձեռքով, բայց Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի և Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հովանավորությամբ, որը Բաքվին միլիարդավոր դոլարների սպառազինություն հատկացնող թիվ մեկ գործընկերն էր: Միաժամանակ այդ գործընկերը մյուս ձեռքով գործնականում պարտադրում էր Հայաստանին անարժանապատիվ քաղաքական վարքագիծ՝ ըստ էության նաև ապահովելով նախապատրաստվող ագրեսիայի, այսպես ասած, քաղաքական թիկունքը:

Ապրիլյան քառօրյան հասունանում էր մի քանի տարի շարունակ՝ ցցուն գործընթացների և խայտառակ քաղաքական իրողությունների տեսքով, ինչպիսին էր նաև Հայաստանի ԵԱՏՄ բռնակցումը: Դա տեղի էր ունենում Հայաստանում Ռուսաստանի համար թե՛ ձեռնասուն իշխանության, թե՛, առավել ևս, ձեռնասուն ընդդիմության գործադրմամբ: Ընդ որում, այդ գործընթացի մասնակից, ներգրավված մի շարք ուժեր ու դերակատարներ այսօր էլ փորձ են անում, այսպես ասած, կայուն և զգալի տեղ ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչը թերևս պետք է լինի ապրիլյան քառօրյա պատերազմի կամ արցախյան երկրորդ պատերազմի կարևոր դասերից մեկը:

Այդ դասերը քաղելը Հայաստանի, Արցախի ու հայության համար հույժ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հուսալիորեն կանխարգելել մեր կյանքում արցախյան երրորդ պատերազմ արտահայտության հայտնվելը: Երրորդ պատերազմը կանխարգելելու համար Հայաստանում պետք է գերակա լինի մի քանի հանգամանք. արդյունավետ կառավարում և խստագույն պայքար կոռուպցիայի ու գանձագողության դեմ, ներքաղաքական կյանքում ինքնիշխանության գաղափարի անվերապահ շեշտադրում՝ այլ երկրների շահերի գործակալական սպասարկումը բացառելու և այլ երկրների հետ հարաբերությունը գերազանցապես հայկական պետականության շահի վրա կառուցելու համար:

Ապրիլյան քառօրյայում Հայաստան-Արցախի բանակի և հանրության ինքնիշխան դիմադրությունը, հաջորդիվ՝ թավշյա հեղափոխությունը Հայաստանում էական քայլեր են եղել այդ ուղղությամբ, որոնք, սակայն, շարունակում են ունենալ ռազմաքաղաքական կապիտալիզացիայի խնդիր:

Ակնհայտ է, որ Հայաստանը ներկայումս դեռևս զուրկ է երկրի դեմ արտաքին ագրեսիայի ռազմաքաղաքական միջավայրի ձևավորման որևէ փորձ կանխելու քաղաքական համակարգային կարողությունից: Միայն լեգիտիմ իշխանության առկայությունն ու համակարգային գանձագողության բացակայությունը բավարար չեն Հայաստանի ինքնիշխան դիմադրողունակության համալիր կարողության մասին խոսելու համար:

Այդ հարցում էական նշանակություն ունի այն, թե ինչպիսի արժեհամակարգի և մտածողության վրա է երկրի քաղաքական, ներքաղաքական կյանքը: Իսկ այդ հարցը Հայաստանում բաց է, ըստ այդմ՝ անվտանգության հարցը շարունակում է գերազանցապես լինել բանակի ուսին: Ու թեև այդ ուսը ներկայումս բավականին ամուր է արդիական սպառազինությամբ և կամքով, այդուհանդերձ անվտանգային կանխարգելիչ կարողությունների պետական և հանրային ինստիտուցիոնալ համաչափ բաշխվածությունը Հայաստանի համար կենսական կարևորության խնդիր է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments