Ապրիլյան քառօրյա պատերազմն ու ժողովրդական թավշյա հեղափոխությունը` «օրգանական» կապի մեջ

- in Վերլուծական
serzh-sargsyan

Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցի առիթով բավականին ծավալուն արտահայտվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ուղղակի, թե անուղղակի: Ընդ որում, այդ առումով նա այդչափ ակտիվ չէր իր պաշտոնավարման ընթացքում, երբ նշվում էր Քառօրյայի որևէ տարելից:

Սերժ Սարգսյանի խոսքերը, չորրորդ տարելիցի առիթով, պարունակում էին այդ ժամանակաշրջանի իրողությունների և իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ բավականին բազմիմաստ ակնարկներ: Եվ այդ հանգամանքը հատկանշական է մի քանի հանգամանքների ֆոնին:

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը կարող է հրավիրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով: Սարգսյանը ակնարկում է, որ նա պատրա՞ստ է բավականին բան ասել, թե՞ ակնարկում է, որ հանձնաժողով չի գնա, սակայն Ապրիլյանի վերաբերյալ տարբեր ակնարկներով կփորձի որոշակիորեն բացել խոսակցությունների նոր փուլ, որի շրջանակում կքննարկվեն բաներ, որոնք աննպատակահարմար էր խթանել պաշտոնավարման ընթացքում՝ մի շարք ներքին ու արտաքին քաղաքական հանգամանքների բերումով:

Չորրորդ տարելիցի առիթով Սերժ Սարգսյանի անդրադարձերից էր նաև նրա գրասենյակի տարածածը, որը հաղորդագրություն և իրադարձությունների ժամանակագրության տեսանյութ էր: Տարածված հաղորդագրության ու տեսանյութի տողատակում, անշուշտ, բազմաթիվ են տեղի ունեցածի, տվյալ ժամանակաշրջանի քաղաքական իրողությունների վերաբերյալ բազմաշերտ ակնարկներն ու հիշատակումները: Բավականին հետաքրքիր է հաղորդագրության տեքստային մասում դրանցից մեկը, Քառօրյա պատերազմում հայության վարքագծի հիշատակումը, որի տողատակում նշմարվում է ուշագրավ զուգահեռ երկու տարի անց թավշյա հեղափոխությանը հայության վարքագծի հետ: «Առաջնագիծ էին մեկնում ոչ միայն Հայաստանից ջոկատներ կազմած կամավորները, սահմանապահ զինվորի կողքին կանգնելու պատրաստ ուսանողները, այլև աշխարհի չորս կողմից առաջին իսկ չվերթով Երևան հասնող մեր հայրենակիցները»,- նշվում է ֆեյսբուքյան էջում գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Մեկ էլ ե՞րբ էին հայերը գործնականում աշխարհի բոլոր ուղղություններից շտապում Հայաստան: Դա տեղի էր ունենում Ապրիլյան քառօրյայից երկու տարի անց՝ թավշյա հեղափոխության ապրիլին:

Զուգահեռը հետաքրքիր է, և արդյոք Սերժ Սարգսյանը հրաժարականից երկու տարի անց ակնարկո՞ւմ է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը իր ռազմա-քաղաքական նշանակությամբ առնվազն հավասարազոր էր Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական ինքնիշխան դիմադրությանը, որը դարձյալ տեղի ունեցավ հանրային մեծ ջանքով: Ապրիլյան քառօրյա պատերազմում բանակի ու հանրության ինքնիշխան դիմադրությունը կասեցրին հայկական պետականության դեմ գրոհն ու վերականգնեցին տարիների ընթացքում մի շարք ներքին ու արտաքին գործոնների հետևանքով խախտված հավասարակշռությունը, ինչի հետևանքով էր հնարավոր դարձել ադրբեջանական ագրեսիայի իրագործումը: Հետագայում, սակայն, ժամանակի մեջ մի շարք իրադարձությունների բերումով և, ընդհանուր առմամբ, Հայաստանում կառավարման ոչ լեգիտիմ համակարգի առկայության բերումով՝ որի հետևանք էին նաև առանձին լրջագույն իրողություններ, բանակի Ապրիլյան ձեռքբերումը քաղաքական, աշխարհաքաղաքական իմաստով սկսեց հայտնվել ռիսկային գոտում:

Այդ տեսանկյունից, թավշյա հեղափոխությունը, համահայկական էներգետիկ վերբեռնումն ու նոր, լեգիտիմ վստահության ձևավորումը նպաստեցին Հայաստանի ինքնիշխան դիմադրունակության կտրուկ աճին: Գործնականում տեղի ունեցավ այն, ինչ Ապրիլյան քառօրյա պատերազմում, բայց արդեն ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ամուր հիմքով, և արդեն ոչ թե մարտադաշտում՝ թանկ կորուստների և արյան գնով, այլ Հայաստանի ներսում, անարյուն, թավշյա հեղափոխությամբ: Մեծ հաշվով, Ապրիլյան քառօրյա պատերազմն ու երկու տարի անց ժողովրդական թավշյա հեղափոխությունը գտնվում են «օրգանական» կապի և ռազմա-քաղաքական պատճառահետևանքային տրամաբանության շղթայի մեջ, որը չեզոքացրեց Հայաստանի ինքնիշխանությունը շղթայած մի շարք իրողություններ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments