Արսեն Թորոսյանի դեմ նետեր ուղղողները այս կամ այն կերպ կապված են Արմեն Մուրադյանի հետ

Armen Muradyan

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկն է հետհեղափոխական Հայաստանի այն պաշտոնյաներից, որ նշանակման օրից ստիպված է գործառութային պարտականությունները կատարելուն եւ ոլորտի զարգացման ուղղությամբ մտածելուն զուգընթաց դիմակայել իր դեմ կազմակերպվող գրոհներին, տեղեկատվական արշավներին ու քարոզչությանը՝ երբեմն դրանց արձագանքելով, երբեմն էլ պարզապես անտեսելով։

Ընդ որում, եթե այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում այդ հակաքարոզչությունը տեղային ու ժամանակավոր բնույթ էր կրում, որոշակի բռնկումներից հետո մարում, Թորոսյանի պարագայում ականատես ենք լինում կայուն շարունակականության։ Եվ ուշագրավ է, որ առողջապահության նախարարին թիրախավորածները նրան նշանառության տակ են պահում նաեւ կորոնավիրուսային այս լարված օրերին, երբ թվում էր, թե բոլորի նպատակը մեկը պետք է լինի՝ միասնաբար ու իրար թիկունք դառնալով հաղթահարել համաշխարհային այս աղետը՝ դրանից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։

Իհարկե, խոսքը առողջ քննադատության մասին չէ, որը միշտ եւ բոլոր պարագայում անհաժեշտ է եւ որն ուժեղացնող հատկություն ունի։ Բայց քննադատությունն առողջ է լինում, երբ դրանց հեղինակների մղումներն ազնիվ են, հիմքում սրտացավությունն է ու առավել լավ արդյունքի հասնելու ձգտումը։ Արսեն Թորոսյանի հասցեին այսօր հնչող քննադատական խոսքի մեծ մասը չարախնդության է նման, որոնք ձեւակերպվում են երբեմն մտացածին, երբեմն չափազանցված, որոշ դեպքերում էլ, անշուշտ, գոյություն ունեցող փաստարկների կիրառմամբ։

Դեռ անցյալ տարվա կեսին Թորոսյանը, իր դեմ ուղղված այս կամ այն քայլին անդրադառնալով, հայտարարել էր, որ դրանց հետեւում Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն է կանգած։ Վերջնիս պատասխանը եղավ այն, որ դատական հայց ներկայացրեց գործող նախարարի դեմ։ Բայց դրանից հետո եւ այժմ էլ Արսեն Թորոսյանի դեմ նետեր ուղղողները այս կամ այն կերպ կապված են Մուրադյանի հետ, ու տպավորություն է, որ նրանց հենց նախկին նախարարն է ուղղորդում կամ հրահրում՝ ինքը մնալով ստվերում։

Մուրադյան-Թորոսյան հակամարտության հենց առաջին օրերին հաճախ էին կարծիքներ հնչում, որ Արմեն Մուրադյանը նախարարի պորտֆելը կրկին ստանալու հավակնություններ ունի, ու այդ նպատակին հասնելու համար էլ ջանք չի խնայում։

Դատելով այսօր տեղի ունեցողից՝ կասկածներ են առաջանում, որ նախկին նախարարը պատրաստ է իր նեղ անձնական նպատակներին ծառայեցնել նաեւ համաշխարհային այս ճգնաժամը։ Բայց եթե դա այդպես է, ընտրված ճանապարհը լավը չէ։ Նաեւ՝ անհասկանալի։ Շատ ժամանակ չի անցել մոռանալու համար, որ նույն Արմեն Մուրադյանի պաշտոնավարման ընթացքում էլ Հայաստանում գրիպի AH1N1 տեսակն էր տարածվում, ու նախարար Արմեն Մուրդյանն անզոր էր կանխել վարակի ներաթափանցումը, ինչպես որ դա անել չի կարող Արսեն Թորոսյանը կամ որեւէ այլ մեկը։

Ավելին, սոցցանցերի օգտատերերն այս օրերին հաճախ են մեջբերում, որ 2016 թվականի փետրվարին, այն ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ H1N1-ից Հայաստանում մահացել է 19 մարդ։ Նա նաեւ նշել էր, որ այդ պահին սուր շնչառական վարակով հիվանդների թիվը 570 է, մոտ 300-ի մոտ առկա է թոքաբորբ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments