Արցախահայությունը մերժել ու մերժելու է Արցախը Հայաստանին հակադրելու ցանկացած դիպաշար

Չեմ ուզում խորանալ Արայիկ Հարությունյանի մասին եղած տարբեր վարկածների մեջ, մասնավորապես նրա, որ նախկին իշխանությունների համար պլան Բ էր և այլն, Արցախի նախագահական ընտրություննեըին արցախցիների ճնշող մեծամասնության հղած ուղերձը հասկանալը կարևոր է։

Փաստացի, Արայիկ Հարությունյանը, անկախ իր բիզնեսներից, նախկինների հետ ունեցած կապից, քարոզարշավային բարեգործությունների ու քվեարկության օրը նրա օգտին քվեաթերթիկների լուսանկարման կազմակերպված բնույթից, հրապարակավ ընտրողին է ներկայացրել Հայաստանի հետ ներդաշնակ, սերտ ու միաքայլ արտաքին ու ներքին քաղաքականության օրակարգ, և ընտրողների զգալի մասը նաև դրան է քվեարկել։

Երկրորդ այդպիսի թեկնածուն նրա հետ 2-րդ փուլ անցած Մասիս Մայիլյանն է, ով 2 տարի լինելով Արցախի իշխանության մեջ, մնացել է չկոռումպացված, մաքուր պաշտոնյա, ով նույնպես Ստեփանակերտ-Երևան սերտ տանդեմի, համաքայլ քաղաքականության օրակարգով է հանդես եկել ու ստացած պատկառելի ձայներով գրավել 2-րդ տեղը։

Երևանին հրապարակավ հակադրված ու Հայաստանի նախկին իշխանությունների օրակարգով հանդես եկած միակ քիչ թե շատ լուրջ ձայն ստացած թեկնածուն Վիտալի Բալասանյան է։ Միայն նրա, միգուցե նաև’ ՀՅԴ հավաքած ձայները կարող են համարվել նախկին իշխանությունների “ոտքի տեղ” Արցախում։ Իսկ դա մեծամասնության մեջ չնչին է։ Ու սա այն դեպքում, երբ Վիտալի Բալասանյանի վրա ահռելի նյութական, մեդիա, մարդկային ռեսուրսներ ներդրվեցին թե Արցախում, թե Հայաստանում։

Այդպիսով, միանշանակ է, որ Արցախի հասարակական տրամադրությունների այսպիսի վեկտորի դեպքում արցախահայությունը մերժել ու մերժելու է Արցախը Հայաստանին հակադրելու ցանկացած դիպաշար, նաև’ նախկինների վերադարձը Արցախում ու/կամ Արցախով։

Երկրորդ փուլում ով էլ որ ընտրվի’ Մասիս Մայիլյան թե Արայիկ Հարությունյան, լինելու են իրենց հրապարակային օրակարգերի գերին։ Դրանից որևէ շեղում հօգուտ քոչարյանասերժական օրակարգերի ու Արցախը Հայաստանին հակադրելու կամ Արցախի զարգացումները Հայաստանից ետ գցելու առումով, լուրջ խնդիրների են բերելու ոչ միայն Երևան-Ստեփանակերտ օրակարգով, այլ ավելի շատ հենց Արցախում, որովհետև Արցախի հասարակության տրամադրությունների վեկտորն է այդպիսին’ դանդաղ, բայց իր զարգացմամբ հասնել Հայաստանին ու երբեք չհակադրվել։

Ու շատ կարևոր է լինելու, որ երկրորդ փուլում իսպառ բացառվեն այն այլանդակությունները, որ դիտվեցին առաջին փուլում’ հօգուտ Արայիկ Հարությունյանի։ Այլապես դա ռումբ է լինելու հենց իր տակ դրված։ Սերժ Սարգսյանի օրինակը վկա։

Այնպես որ’ հասկանալի է, թե ինչ մեծ տագնապ կա նախկինների մեջ, որոնք թվային տեսքով հերթական անգամ համոզվեցին, որ վերադարձի շանս չունեն։

Ստյոպա Սաֆարյան; Ֆեյսբուք

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments