Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրության ավարտն արդյոք փակո՞ւմ է Հայաստանի թավշյա հեղափոխությամբ մեկնարկած քաղաքական վերափոխումների փուլը:

Ընտրական գործընթացի ավարտից հետո այդ հարցը հնչում է հաճախ, որի պատասխանը, սակայն, միարժեք է՝ ոչ, Արցախի ընտրությամբ չի փակվում քաղաքական փոփոխությունների որևէ փուլ: Եվ, մեծ հաշվով, չէր էլ կարող փակվել, առաջին հերթին զուտ էքզիստենցիալ առումով:

Բանն այն է, որ քաղաքական գործընթացների փուլայնությունը խիստ պայմանական է ընդհանրապես, և այդ իմաստով ընտրական գործընթացները սկիզբ կամ ավարտ են խիստ պայմանականորեն, ավելի շուտ՝ խորհրդանշական իմաստով:

Պրակտիկ քաղաքականության տեսանկյունից, Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը իր քաղաքական տարողությամբ չափազանց ծավալուն է՝ երկամյա փուլի մեջ պարփակվելու համար: Եվ այդ իմաստով, անգամ համարժեք չի կարող թվալ փուլի ավարտ Հայաստանի խորհրդարանի հաջորդ ընտրությունը դիտարկելը: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը թեև շատ քաղաքական խմբեր որակում են իբրև զուտ իշխանափոխություն, այդուհանդերձ, դա կամ տեղի ունեցածի նշանակության և բովանդակության գնահատման անհամարժեքության հարց է, կամ ուղղակի քաղաքական հաշվարկից բխող հռետորաբանություն:

Իրականում Հայաստանում տեղի ունեցածը իրապես հեղափոխություն է, եթե անգամ չի համապատասխանում դրա դասագրքային ձևակերպումներին և այդ ամենի արդյունքում ձևավորված որոշակի պատկերացումների: Ի վերջո, 21-րդ դարի տեխնոլոգիական իրականությունը բերում է բոլորովին նոր հանգամանքներ և գնահատման նոր չափանիշներ:

Արցախում, կամ Արցախով քաղաքական փուլը ոչ միայն չի ավարտվել, այլ, թերևս, չի էլ մոտեցել իր սկզբի վերջին:

Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո կանգնած է քաղաքական լրջագույն վերակառուցման խնդրի առաջ:

Այդ վերակառուցումը թելադրված է թե՛ պետական արդիականացման ներքին պահանջով՝ հանրային զարգացման առավել բարենպաստ ու կայուն միջավայր ձևավորելու համար, թե՛ Հայաստանի արտաքին կենսունակության, շարժունակության, մրցունակության խնդրով: Այստեղ մարտահրավերները բաժանվում են արդեն մի քանի հարթությունների և շերտերի, որոնք իրենց հերթին ավելացնում են ներքին կյանքի կազմակերպմանն առնչվող նոր պահանջներ:

Անկասկած է, որ ընտրական որևէ հանգրվան այդ առումով չի կարող լինել լուծում, այլ կարող է արտացոլել եղած լուծումների արդյունքը, կամ մշակումների ու քաղաքական ծրագրավորումների հետագիծը: Այս տեսանկյունից, Հայաստանում փոփոխության թեկուզ պայմանական փուլը պետք է ավարտվի Հայաստանում, որպեսզի նոր միայն իր շատ, թե քիչ ամբողջական արտացոլումն ունենա նաև Արցախում, համաձայն այն պատկերացման, որ Հայաստանում առկա ռազմավարական մշակումներում առկա է Արցախի ապագայի առնչությամբ:

Մինչդեռ, մենք տեսնում ենք, որ Հայաստանում քաղաքական իրականության, քաղաքական համակարգի վերակառուցման հարցը գտնվում է նախնական վիճակում և առաջ է շարժվում բավականին դանդաղ, այդ թվում՝ թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ իրողությունների բերումով:

Մինչդեռ, այստեղ կարևորագույն հարցերից մեկը պետք է լինի այն, թե ինչպիսի փոխհարաբերություն է ծավալվելու Հայաստանի ու Արցախի միջև ապագայում: Ռազմավարությունը ու դրան տանող մարտավարությունը ենթադրելու են միասնականացմա՞ն, թե՞ երկսուբյեկտ քաղաքականության բյուրեղացման մարտավարություն: Եվ դրա վրա պետք է կառուցվի նաև Հայաստանի ներքաղաքական դիսկուրսը, կամ դա պետք է լինի այդ դիսկուրսի կարևոր հենման կետերից մեկը:

Ըստ այդմ, դրանով է նաև պայմանավորվելու, թե ինչպիսին է լինելու նոր քաղաքական իրականությունն Արցախում, որովհետև զուտ իշխանության անվանական ձևավորումը դա դեռ խնդրի ֆորմալ կողմն է, գալիս է ամենապատասխանատու՝ բովանդակության փուլը: Արցախում ընտրական գործընթացի ավարտը, արդյունքը, Հայաստանում դրա հանդեպ դիրքավորումների ձևավորումը պետք է գնահատել հենց այդ տեսանկյունից, որովհետև ակնառու է, որ հայկական պետականության գլոբալ պատասխանի պահանջարկը գլխավորապես գտնվելու է նոր աշխարհակարգի ձևավորման դաշտում: