Արցախում ընտրությունն ի հայտ է բերել թերևս առանցքային բացը

- in Ընտրություններ

Մենք ասել ենք, որ եթե որոշ ուժեր փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, մենք այն կդարձնենք հեղափոխության օջախ: Այդ մասին ապրիլի 6-ի իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ հիշեցնելով իր նախկինում արտահայտած միտքը և դրանով անդրադառնալով Արցախում տեղի ունեցող ընտրական գործընթացին, դրա առաջին փուլի և խորհրդարանական հատվածին:

Արցախի ընտրությունը, որ տեղի ունեցավ մարտի 31-ին, թողել է առնվազն երկիմաստ տպավորություն: Մի կողմից՝ ընտրությունն առաջին անգամ իրապես մրցակցային էր և ոչ թե Երևանից ներդրված սցենար: Միաժամանակ, առաջին մրցակցային ընտրությանը հատուկ էին նախկին համակարգային մի շարք արատներ, որոնք ընտրության առնչությամբ թողեցին հենց սցենարային տպավորություն:

Միևնույն ժամանակ անկասկած է այն, որ արցախյան գործընթացում կա քաղաքական պայմանավորվածություն Երևանի ու Ստեփանակերտի միջև, առնվազն այն իմաստով, որ ընտրական գործընթացը չպետք է լիներ Հայաստանում իշխանությունը կորցրած համակարգի արցախյան վերարտադրություն: Եվ որքան էլ, օրինակ, նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի հնարավոր ընտրությունը դիտարկվի նախկին համակարգի շրջանակի մեջ, այդուհանդերձ ակնառու է, որ անմիջական նույնականացումը կլինի քաղաքական իրավիճակի գնահատման մակերեսայնություն: Ի վերջո, առկա բանաձևը հենց Նիկոլ Փաշինյանի խոսքում է, որով նա իհարկե խոստովանում է, որ Արցախում չի եղել հեղափոխություն, սակայն արձանագրում, որ դրա պայմանը եղել է այն, որ չի լինելու նաև հակահեղափոխություն: Հազիվ թե իրատեսական լինի գնահատականը, որ Փաշինյանին խաբել են, հեղափոխությունը կանգնեցրել և արել հակահեղափոխություն:

Երևանը ձեռնպահ է մնացել Արցախում ներքին գործընթացներին անմիջական միջամտությունից, և այստեղ պատճառը թերևս պարզ է՝ այդ գործընթացում Ստեփանակերտի որոշակի ինքնուրույնությունը Երևանին անհրաժեշտ է լինելու հետո՝ արդեն կարգավորման գործընթացում առաջ քաշված Արցախի սուբյեկտության թեզն իրացնելու համար: Իհարկե առաջանում է նաև հարց, թե արդյոք Արայիկ Հարությունյա՞նն է, որ պետք է արդյունավետ աջակցի Երևանի այդ թեզի իրագործմանը, երբ նա ակնհայտորեն ավելի շուտ գործարար է, քան քաղաքական գործիչ, քաղաքական մտածողության և քաղաքական, այն էլ աշխարհաքաղաքական մտածողության տեր մարդ:

Բայց այդ իմաստով Երևանի համար առաջնայինը եղել է ձևի առումով միջազգային կասկածի տեղիք թույլ չտալը, առավել ևս, որ բովանդակային առումով Արցախում արտացոլվել է ուժերի իսկապես առկա հարաբերակցությունը: Տվյալ պարագայում ուժերի հարաբերակցություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ թե զուտ գործիչների վարկանիշն ու քաղաքական մրցունակությունը, այլ, այսպես ասած, տնտեսաքաղաքական ենթակառուցվածքների առկա իրողությունը, դրա հանդեպ հանրային մոտեցումները, հարաբերակցությունը և այլն:

Այդ իմաստով որևէ երկրում որևէ ընտրություն զուտ ինտելեկտւալ մրցություն չէ, այլ իսկապես բազմաթիվ գործոնների համախումբ պայքար, որքան էլ այդ պայքարի ընթացքում կիրառվում են անթույլատրելի մեթոդներ: Ահա այս տեսանկյունից Արցախում ընտրությունն ի հայտ է բերել թերևս առանցքային բացը, որն էլ իրավիճակը ըստ էության պահել է, այսպես ասած, ո՛չ հեղափոխության, ո՛չ հակահեղափոխության միջև առկախված: Խոսքը Արցախում քաղաքական համակարգի բացակայությունն է ընդհանրապես, մասնավորապես այդ հասկացության շրջանակում ընդդիմադիր «լոգիստիկայի» առանձնահատուկ կարևորությամբ:

Մեծ հաշվով, Մասիս Մայիլյանն իր թիմով փորձել է լրացնել հենց այդ բացը, և այդ իմաստով նրան հաջողվել է նախագահի ընտրությանն անել իսկապես էականը՝ հաղորդել մրցակցություն մի միջավայրի, որտեղ այդպիսի բան չի եղել երբեք: Ու այդ իմաստով Արցախում տեղի ունեցած առաջին փուլը՝ առանց որևէ մեկի հաղթանակի, հենց այդ գործի հաջողությունն է, նաև ավելի լայն իմաստով՝ ընտրական գործընթացը, անկախ իր արդյունքից,  արցախյան քաղաքական կյանքի վերափոխման խորհրդանշական առաջին փուլն է: Մեծ հաշվով, երկրորդ փուլը բոյկոտելու կոչով Մասիս Մայիլյանը կամա թե ակամա ազդարարեց արցախյան քաղաքական կյանքի վերափոխմանն ուղղված աշխատանքի, գործընթացի երկրորդ փուլի մեկնարկը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments