Արցախում կձևավորվեն նոր դաշինքներ. իշխանությունը վերարտադրվելո՞ւ է

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքում առաջատար Արայիկ Հարությունյանին ընդամենը 320 ձայն չհերիքեց հաղթող ճանաչվելու համար, այն դեպքում, երբ անվավեր քվեաթերթիկների թիվը մոտ երկու հազար հինգ հարյուր էր:

Թերևս, Հարությունյանը կարող էր բողոքարկել ընտրությունների արդյունքները, պահանջեր քվեաթերթիկների վերահաշվարկ, և անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ գտներ իրեն պակասող 320 քվեաթերթիկը: Հարությունյանը չգնաց այդ ճանապարհով, այլ հայտարարեց երկրորդ փուլին պատրաստվելու մասին:

Հարությունյանին պետք է համոզիչ ու տպավորիչ հաղթանակ: Քվեարկության արդյունքների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հարությունյանը հայտարարեց, որ խորհրդարանում առավել ձայներ ստացած «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» դաշինքը պատրաստ է բանակցություններ սկսել խորհրդարան անցած այլ ուժերի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ: Արցախի խորհրդարանը ունի 33 պատգամավոր, իսկ «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» դաշինքը ստացել է 16 մանդատ, այսինքն` ընդամենը մեկ մանդատ պակաս որակյալ մեծամասնություն ունենալու և միայնակ կառավարություն ձևավորելու համար: Բայց, ամենայն հավանականությամբ, Հարությունյանը կգնա ավելի լայն խորհրդարանական կոալիցիա ձևավորելու ճանապարհով, քան անհրաժեշտ մեկ մանդատի հարց լուծելն է: Ապագա կոալիցիայի մեջ կմտնեն Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Այս մասին, կարծես թե, նախնական պայմանավորվածություն կա, իսկ առաջիկայում կլինեն պաշտոնական հաստատումներ: Խորհրդարանական ընդդիմությունը կազմված կլինի Վիտալի Բալասանյանին առաջադրած «Արդարություն» կուսակցությունից և Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական Հայրենիքից»: Արայիկ Հարությունյանը հասկացրեց, որ «Արդարությունը» չի կարող կոալիցիայի մաս կազմել Բալասանյանի կողմից Հայաստանի իշխանության հասցեին հնչեցվող կոշտ քննադատության պատճառով, որը շատ դեպքերում անցնում է կոռեկտության սահմանները և վերածվում վիրավորանքի: Չնայած դրան, Բալասանյանի և Հարությունյանի հարաբերությունները բավական ջերմ են, և չի բացառվում, որ ընտրությունների երկրորդ փուլում Բալասանյանը հրապարակայնորեն սատարի Արայիկ Հարությունյանին: Բալասանյանը արդեն իսկ հրապարակել է սատարման քաղաքական և բարոյական հիմնավորումները՝ հայտարարելով որ Արայիկ Հարությունյանը և նրա եղբայրը ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան ազատամարտին:

Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանի շուրջ ևս կարող է ձևավորվել կոալիցիա՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների մասնակցությամբ: «Նոր Արցախ» և «Միասնական Հայրենիք» կուսակցություններից բացի, Մայիլյանի թեկնածությունը կարող են պաշտպանել նաև «Արցախի հեղափոխական կուսակցությունը», «Միացյալ Հայաստանը»: Մյուսները փորձելու են բանակցել ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների հետ՝ հետընտրական շրջանում ինչ-որ բան ստանալու ակնկալիքով:

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ, ի սրտե շնորհակալություն եմ հայտնում մարտի 31-ին այս ծանր պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին:

Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում։ Չանսալով ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչին ու պահանջին, Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

Նշված արտակարգ պայմաններում անհնար է եղել ապահովել միջազգային դիտորդների մասնակցությունը, իսկ հայաստանյան դիտորդական առաքելությունը վտանգից խուսափելու համար ստիպված է եղել հընթացս փոխել դիտորդության մեթոդաբանությունը և իրականացնել այդ առաքելությունը ոչ նախատեսված ծավալով։

Այժմ քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում, և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»։

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությանը: Դրա արդյունքում Արցախում ձևավորվել է նոր խորհրդարան, և տեղի է ունենալու նախագահի ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցելու են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում տեղի է ունեցել բարձր որակի ընտրություն, ինչի վկայությունն է այն, որ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի հարյուր ձայն չի բավականացրել հաղթել ընտրությանը առաջին փուլով, իսկ խորհրդարանի երկրորդ և երրորդ ուժեր են դարձել ընդդիմադիր ուժեր: Նիկոլ Փաշինյանն ըստ երևույթին նկատի ունի Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի կուսակցությունները, որոնք երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունից հետո:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի կուսակցությունը դիտարկում է իշխանական կուսակցություն: Ըստ այդմ, հարց է ծագում՝ դա Արցախի նո՞ր իշխանությունն է, թե՞ հին: Որովհետև, եթե նոր իշխանությունն է, ապա ինչի՞ հիման վրա, եթե հինն է, ապա դարձյալ՝ ի՞նչ հիմքով:

Բանն այն է, որ նախագահի ընտրությունը դեռ պետք է ունենա երկրորդ փուլ, իսկ խորհրդարանի ընտրության արդյունքով մեծամասնություն չկա, որևէ կուսակցություն չի ստացել 50+1, և անկասկած խորհրդարանում պետք է լինի կոալիցիա, իսկ թե ինչ հարաբերակցությամբ՝ դա դեռ հարց է: Թեև գուցե հարց է միայն հանրության համար, իսկ ահա քաղաքական կուլիսներում արդեն հայտնի է, որ կոալիցիա են կազմելու Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի՝ ԱԺԿ, և ՀՅԴ կուսակցությունները: Այլ կերպ ասած, դա Արցախի դեռևս գործող խորհրդարանի մեծամասնությունն է, և այդ իմաստով Արցախի իշխանությունը խորհրդարանում իսկապես վերարտադրվել է: Հարցն այն է, թե արդյոք այդ իշխանությունը փաստորեն վերարտադրվելու է նաև նախագահի՞ ընտրությամբ:

Վարչապետ Փաշինյանն ազդարարում է, որ ընտրությունն անցել է բարձր որակով, թեև ընտրական գործընթացի և բուն քվեարկության ընթացքում եղել են որոշակի ահազանգեր: Երևանը գուցե համարում է, որ դրանք էական ազդեցություն չունեն ընտրության արդյունքի վրա: Միևնույն ժամանակ, կասկածի տակ դնել ընտրությունը՝ կնշանակի կասկածի տակ դնել այն, որ Երևանը կարողացել է ապահովել արցախյան հանրության ազատ կամարտահայտման միջավայր, որի պատասխանատվությունը վարչապետ Փաշինյանը ստանձնել էր նախորդ տարի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Դրա հետ մեկտեղ ընտրական գործընթացը Արցախում փաստացի դեռևս ավարտված չէ, քանի որ կա նախագահի ընտրության երկրորդ փուլը: Վարչապետի գնահատականն այդ իմաստով ստանում է միջանկյալ բնույթ, թեև իհարկե որոշակի առումով կարող է դիտարկվել նաև երկրորդ փուլից առաջ կանխորոշիչ հանգամանք:

Միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր է դիտարկումը ընդդիմության ուժերի առումով: Մեծ հաշվով, փաստացի առաջին անգամ Արցախի խորհրդարանում իսկապես էական ներկայացվածություն են ունենում ընդդիմությունը կամ ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ունեն մոտ 40 տոկոս ձայն: Դա աննախադեպ իրավիճակ է, որի նշանակությունը թերևս առկա է Փաշինյանի այն գնահատականի համատեքստում, որ «Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսակետից»:

Գործնականում Արցախում ներկայումս էական է քաղաքական մրցակցային կյանքի ձևավորման խնդիրը, որը ի վիճակի է բարձրացնել Արցախի քաղաքական սուբյեկտային կենսունակությունը: Այլ և հիմնարար հարց է, իհարկե, մրցակիցների որակների խնդիրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments