Արցախում հակահեղափոխական ուժերի ջախջախիչ պարտության, սին գովազդի և նախկիններին նմանվելու մասին

- in Կարծիք

Արցախում հեղափոխություն չի եղել, բայց հաղահեղափոխություն էլ չի եղել: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հակահեղափոխական ուժերը ջախջախիչ պարտություն են կրել Արցախում, ասել է Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որը կա Արցախի Հանրապետությունում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Արցախում ընտրություններն արդար չեն եղել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ոչ ոք չի ասում, որ ընտրախախտում չի եղել։ Հարցն այն է, թե այդ ընտրախախտումներն ինչքանով են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Եկեք նայենք թվաբանությամբ։ Եթե խոսքը կեղծիքների մասին է,  նախագահի թեկնածուներից մեկին՝ Արայիկ Հարությունյանին, առաջին փուլում հաղթանակ արձանագրելու համար չի հերիքել մի քանի հարյուր ձայն։ Եթե ընտրությունները կեղծվում են, որևէ կեղծող մեքենա մի քանի հարյուր ձայնի առաջ կկանգնի՞։ Խորհրդարանական ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերը գրավել են ընդդիմադիր ուժերը։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման ժամանակաշրջաններում դուք երբեք այսպիսի բան չէիք տեսնի։ Եթե կեղծում են, ինչո՞ւ են այնպես կեղծում, որ ընդդիմությունը, ի դեպ, ասեմ՝ բավականին կոշտ ընդդիմությունը, գրավում է երկրորդ և երրորդ տեղերը։ Այնպես կկեղծեին, որ իշխանությանը լոյալ ուժերը կգրավեին առնվազն երկրորդ տեղը, և  դրանով շատ հարցեր կլուծվեին»։

ՀՀ վարչապետը հավելեց, որ աննախադեպ է եղել թեկնածուների թիվը Արցախի թե նախագահական, թե խորհրդարանական ընտրություններում։ «Ես չեմ ասում, որ այս ընտրությունները եղել են կատարյալ։ Ոչ, ընտրությունները չեն եղել կատարյալ, և ես կարծում եմ, որ, այո, մենք պետք է շարունակենք աջակցել Արցախին ժողովրդավարության հետագա զարգացման գործում, և մենք դա անպայման կանենք»,- եզրափակեց Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարեգործության դեպքին, որը լայնորեն ցուցադրվել է հեռուստաընկերություններից մեկով՝ չնշելով անուններ: Այս մասին նա խոսել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելիս:

Տեղեկացնենք, որ խոսքը Կենտրոն հեռուստաընկերությամբ ցուցադրված ռեպորտաժի մասին է:

 

Փաշինյանը նշել է, որ խնդրել է հաշվել, թե ինչ է բաժանվել, և պարզվել է, որ ամեն փաթեթի պարունակությունը մոտ 3000 դրամ է կազմել, իսկ ընդհանուր՝ 350-400 հազար դրամ: Վարչապետի խոսքով, երբ այս թիվը համեմատեցին հեռուստատեսային գովազդի րոպեների հետ, որի համար ենթադրում են՝ չի վճարվել, ստացվեց, որ այս ձեւով հեռուստատեսային գովազդի գներից ավելի էժան է ստացվում:

Ստացվում է, որ սա շատ ձեռնտու, շահավետ գործողություն է, որն այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ է, ասել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով պատասխանել է օգտատերերից մեկի հետևյալ հարցին․ «Չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին»։

«Ոչ, չեմ կարծում, որ նախկիններին նմանվում եմ։ Եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, որը ես թույլ չեմ տա»,- պատասխանել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նախկին մարդասպաններին ու հանցագործներին չպատժելուն, Փաշինյանն ասաց․ «Ինչո՞ւ միայն նախկին։ Իսկ ո՞վ է ասել, որ նախկին հանցագործերն ու մարդասպանները պետք է պատժվեն, իսկ ընթացիկ մարդասպաններն ու հանցագործները պետք է չպատժվեն»։

Նա նշեց, որ Ազգային ժողովում քննարկվում է Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ «Հույս ունեմ, որ երկրորդ ընթերցմամբ էլ կընդունվի, և երբ արդեն կմտնի ուժի մեջ, Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքերի բռնագանձման պրոցեսը։ Հետաքրքիրն այն է, որ դա քրեական գործերի հետ կապ չունի, այս գործերը քաղաքացիական վարույթով են իրականացվելու և քրեական գործերից առանձին են նայվելու։ Դրա համար նոր համակարգ է ստեղծվելու։ Եվ այն կոռուպցիոներները, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել, այդ օրենքը հնարավորություն կտա, որ մենք այդ գույքերը բռնագանձենք ու վերադարձնենք պետությանն ու ժողովրդին։ Դա չի նշանակում, որ քրեական գործերով որոշումներ չեն կարող կայացվել արդեն դատավճիռների տեսքով»,- ասաց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments