Բաքվին մղեցին ֆալստարտի. Տապալվեց ռուս-թուրքական նոր բաժանումը

- in Միջազգային
Erdoghan Putin

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը դատապարտել է հայկական կողմին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքների տարածումը, որ անում է Ադրբեջանն իր մեդիայով:

Աննա Նաղդալյանը նշել է, որ կեղծ տեղեկատվության նպատակն է քողարկել հրադադարի այն խախտումները եւ սադրանքները, որ թույլ է տալիս Ադրբեջանը, այդ թվում միջազգային հումանիտար իրավունքի խախտումով: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է մարտի 30-ին ադրբեջանական կրակոցից Հայաստանի 14-ամյա քաղաքացու վիրավորվելու փաստը:

Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ այդօրինակ հանգամանքներն ավելի են ընդգծում «ռիսկերի նվազեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների իրականացման և այդ նպատակով արդյունավետ միջազգային մեխանիզմների ստեղծման կարևորությունը»:

Այդ մեխանիզմներն ավելի հայտնի են Վիեննայի օրակարգ ձեւակերպումով, ինչը սակայն որոշակիորեն հետին պլան է մղվել սկսած դեռեւս 2016 թվականից՝ Սանկտ-Պետերբուրգի Պուտին-Ալիեւ-Սարգսյան հանդիպումից:

Ադրբեջանը պարզորոշ հայտարարել է, որ այդպիսի մեխանիզմների տեղակայումը նշանակելու է ստատուս-քվոյի միջազգային ճանաչում: Հայաստանի իշխանությունը չկարողացավ պաշտպանել Վիեննայի օրակարգը, որովհետեւ չուներ բավարար քաղաքական լեգիտիմություն: Ադրբեջանը Մոսկվայի օգնությամբ կարողացավ օգտվել այդ հանգամանքից եւ չեզոքացնել Վիեննայի օրակարգը:

Այստեղ սակայն հատկանշական է մի հանգամանք: Գործնականում այդ օրակարգը սեղանին էր Վիեննայից ավելի վաղ: Բանն այն է, որ իրավիճակը սահմանին լարվել էր 2013-2014 թվականից սկսած, ակնհայտորեն տանելով պատերազմի: Վաշինգտոնը հրադադարի պահպանման մեխանիզմների հարցն օրակարգ բերեց ավելի վաղ, սակայն հնարավոր է ստացվեց այնպես, որ դա արագացրեց պատերազմը:

Ապրիլյան քառօրյան սկսեց, երբ Սերժ Սարգսյանն ու Ալիեւը Վաշինգտոնից վերադարձի ճանապարհին էին: 2016-ի մարտի 31-ին նրանք ԱՄՆ մայրաքաղաքում մասնակցում էին միջուկային անվտանգության Վեհաժողովին: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Վաշնգտոնում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցող այդ Վեհաժողովին այդ անգամ հրավիրել էր նաեւ Ալիեւին, ի տարբերություն 2009-ին տեղի ունեցած Վեհաժողովի:

Մեծ հավանականություն կար, որ Ալիեւին հրավիրել էին հենց հրադադարի մեխանիզմների հարցի համար: Վաշինգտոնից առաջ տարածվեց տեղեկություն, որ ԱՄՆ վճռական է այդ հարցը Ադրբեջանի նախագահի առաջ դնելու գործում: Այդ խոսակցության լրջության մասին վկայում էր թերեւս այն, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ առանձին հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Ի դեպ, հատկանշական է, որ Բայդենը նրանց հետ հեռախոսազրույց ունեցավ արդեն քառօրյայի օրերին:

Արդյոք Ալիեւը Վաշինգտոնից տվեց գրոհի հրամանը, զգալով, որ չկա հրադադարի մեխանիզմին դիմադրելու այլընտրանք: Եվ արդյոք դա ֆալստարտ չէր, որ ակնհայտորեն հասունացող պատերազմի պայմաններում Ադրբեջանին մղեց ԱՄՆ-ն:

Բանն այն է, որ այդ գրոհը նախապատրաստվում էր տարիների ընթացքում, Ադրբեջանին Ռուսաստանի ռազմա-քաղաքական լայնածավալ աջակցությամբ:

Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանի ակնկալիքն այն էր, որ Հայաստանը ստիպված էր լինելու օգնություն խնդրել համանախագահներից (Սարգսյանը նկատի ուներ Ռուսաստանին), որից հետո էլ կսկսվի բանակցություն հայկական գործնականում ոչնչացված քաղաքական եւ ռազմական դիրքերի պայմաններում, եւ տեղի կունենա Կովկասի նոր ռուս-թուրքական վերաբաժանում՝ հայերի հաշվին:

Ֆալստարտն ըստ ամենայնի թույլ չտվեց իրագործել այդ պլանը, թույլ չտվեց Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրը քայքայելուց հետո հասցնել քայքայել նաեւ բանակը: Գործնականում, Ալիեւին դնելով կամ-կամ-ի առաջ եւ մղելով անխուսափելի պատերազմի ֆալստարտի, Վաշինգտոնը կանխեց ռեգիոնի ռուս-թուրքական բաժանումը, ինչը չէր կարողացել անել հարյուր տարի առաջ:

Ներկայում հայկական քաղաքականության խնդիրը հարյուրամյա վաղեմության պատմա-քաղաքական պայմանագրային բազայի վերադասավորումն է, քաղաքական մթնոլորտում հետ մղելով ռուս-թուրքական մոսկովան պայմանագրի շունչը եւ փորձելով քաղաքական շունչ հաղորդել Վիլսոնյան արբիտրաժին: Դա գործնականում հրադադարի պահպանման յուրօրինակ դիվանագիտական-քաղաքական մեխանիկայի կարեւոր ներուժ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments