Դպրոցներում եւ քոլեջներում ավարտական քննություններ չեն լինի, հաշվի կառնվեն մինչ մարտի 13-ը ստացած գնահատականները

- in Կրթություն

Հանրակրթական ուսումնական հաստատություններում չեն իրականացվի ավարտական քննություններ։

Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, որին մի քանի օր է՝ սպասում են դիմորդները եւ աշակերտները, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Մասնավորապես կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու համար՝ քննություններ չեն իրականացվի։ 4-րդ եւ 9-րդ դասարանցիների կիսամյակային եւ տարեկան արդյունքները կամփոփվեն մինչեւ մարտի 13-ի եւ էլեկտրոնային մատյանում այս օրերին նշանակված գնահատականների հիման վրա, դրանք կհամարվեն քննական, աշակերտներն էլ կտեղափոխվեն մյուս աստիճան։

Փոխադրական քննություններ չեն լինի նաեւ ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ եւ ավարտական 12-րդ դասարաններում, իսկ ամփոփումը կլինի նույն մեթոդով։

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով, որ աշակերտների մի մասն ավարտական քննությունները հանձնել է  նախորդ տարվա դեկտեմբերին, նրանք հնարավորություն կունենան պահպանելու քննության արդյունքը կամ ցանկության դեպքում՝ այն ամփոփել այդ կիսամյակ նշանակված գնահատականներով։

Այս ամենը վերաբերում է նաեւ քոլեջներին, որտեղ կգործի նույն մեխանիզմը, ինչ դպրոցներում։ Եթե սովորողը չունենա գնահատական այս կիսամյակի ընթացքում, կպահպանվի նախորդ կիսամյակի արդյունքը։ Դիպլոմները կտրվեն մինչեւ հունիսի 5-ը։

Հարությունյանը նշել է, որ ամեն ինչ կատարվում է սովորողների շահերից ելնելով, հաշվի է առնվում նաեւ որեւէ կերպ զորակոչին չխոչընդոտելու հանգամանքը։

Անդրադառնալով նաեւ բուհերում ավարատական քննություններին՝ նշել է, որ քննարկում է եղել ռեկտորների հետ եւ համալսարաններն առանձին կընտրեն անցկացման ձեւը՝ իրենց ինքանավարություն սահմաններում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments