Դրանց շնորհիվ է Սերժ Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում

- in Կարծիք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությանը.

«Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»:

Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

Մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասխան` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան այօրվա գրառմանը, որը տեղ է գտել նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում։

Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն:

Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»,– ասվում է հաղորդագրությունում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments