Երեկ Ստեփանակերտի համար աննախադեպ քայլերթ է եղել

Արցախի հեղափոխական կուսակցությունը երեկ հանրահավաք էր կազմակերպել Ստեփանակերտում։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից և կոչ են անում չեղարկել ընտրությունները: «Մեր պահանջները իշխանությանը. ուրեմն՝ չեղարկել ընտրությունները, հայտարարել կրկնակի ընտրություններ։

Այս ընտրությունները խայտառակ ընտրություններ են, սրանք անընդունելի ընտրություններ են, սրանով փորձել են մեր ինքնասիրությունների հետ խաղալ»,- իր ելույթի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ Արցախում հետընտրական զարգացումները զգալիորեն կապված են համավարակի տարածման հեռանկարով. «Եթե Արցախում հնարավոր լինի դանդաղեցնել համավարակի տարածումը կամ չհայտարարել համավարակի փաստացի տարածման և առաջին դեպքերի վերաբերյալ, ապա երկրորդ փուլն այնուամենայնիվ կայանալու է մատնանշված ժամկետում։ Հաշվի առնելով նաև ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Մասիս Մայիլյանի հայտարարությունը՝ երկրորդ փուլը բոյկոտելու վերաբերյալ, ելնելով, իր ձևակերպմամբ, համաճարակի տարածման վտանգից, մենք կարող ենք հարյուր տոկոսով կանխատեսել գլխավոր օլիգարխ Արայիկ Հարությունյանի «ընտրական հաջողությունը»»։

Մեր զրուցակիցը նաև հավելեց՝ քանի դեռ Արցախում չի հայտարարվել արտակարգ դրություն, և չեն հաստատվել համավարակի տարածման դեպքերը, իշխանություններն անհրաժեշտ իրավական հիմք չեն ունենա արգելելու ընտրությունները. «Եվ բողոքի ակցիաները, ինչպես որ եղել են երեկ, կարող են նույն կերպ շարունակվել նաև հետագայում՝ մինչև ընտրությունների երկրորդ փուլի կայացումը»։

Այս բողոքի միջոցառումների հիմնական դերակատարը, Քանանյանի փոխանցմամբ, Արթուր Օսիպյանն է՝ Արցախի հեղափոխական կուսակցության առաջնորդը. «Նա միշտ աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով, արմատական հակառակորդն է եղել Արցախի քրեական օլիգարխիայի, ունի համակիրներ, որոնք նախաձեռնել են ողջ նախընտրական պայքարի ժամանակ բողոքները Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում։ Երեկ Ստեփանակերտի համար աննախադեպ քայլերթ է եղել, Արթուր Օսիպյանի նախաձեռնած բողոքի ակցիային միացել են այլ ընդդիմադիր, այդ թվում՝ տարբեր թեկնածուների և հատկապես Մասիս Մայիլյանին աջակցած թիմի մաս կազմած այլ ընդդիմադիր գործիչներ, որոնք բացի քայլերթին մասնակցելուց, նաև ելույթներ են ունեցել։ Առհասարակ՝ այդ բողոքի գործողությունները բավական ներկայացուցչական են, կարող եք տեսնել քրեական օլիգարխիայի վերարտադրման դեմ հանդես եկած համարյա բոլոր ուժերի առավել ակտիվ ներկայացուցիչներին։ Ես նույնպես՝ որպես քրեական օլիգարխիայի արմատական հակառակորդ, Ստեփանակերտում գտնվելով, իմ բարոյական ու քաղաքացիական պարտքն եմ համարել ներկա գտնվել»։

Մեր այն դիտարկմանը, թե տարօրինակ է, երբ մի կողմից՝ կոչ է արվում համավարակի պատճառով բոյկոտել ընտրությունները, մյուս կողմից՝ բազմամարդ հավաքներ են կազմակերպվում, Ալեքսանդր Քանանյանն արձագանքեց. «Ամեն դեպքում՝ համավարակի տարածման հնարավորությունների ընդլայնման ողջ պատասխանատվությունը բացառապես Արցախի ներկայիս իշխանության՝ Բակո Սահակյանի, նրա ուժային շրջապատի, վերարտադրվող գլխավոր օլիգարխ Արայիկ Հարությունյանի վրա է։ Առաջին փուլին ընդառաջ՝ թեկնածուների զգալի մասը ընտրությունները հետաձգելու կոչով է հանդես եկել, այդ կոչին միացել են ՀՀ այլ հատվածների մտավորականներ, մի շարք գործիչներ, բայց պաշտոնական Երևանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առաջնորդվելով այլ՝ պետության և քաղաքացիների անվտանգության հետ որևէ կերպ չառնչվող մարտավարական, Արցախի քրեական օլիգարխի կենսական շահերից բխող հաշվարկներով, թույլատրել է այդ խայտառակությունը, փաստացի կատարել շատ ծանր հանցագործություն։ Եվ սա ոչ միայն համավարակի տարածման տեսանկյունից, պաշտոնական Երևանը բացարձակապես ոչինչ չի արել Արցախում նվազագույն նախադրյալներ ստեղծելու՝ արդար ընտրություններ անցկացնելու համար։ Արցախի քրեական օլիգարխիայի այս ոտնձգությունը, միևնույն է, ձախողվելու է ու տապալվելու է մոտակա բավական կարճ ժամանակահատվածում։ Այդ ամենի համար Փաշինյանը նույնպես առերեսվելու է շատ լուրջ քաղաքական հետևանքների հետ։ Գիտակից, պետականամետ, միացումական արցախաբնակ ՀՀ քաղաքացիները չեն կարող հանդուրժել այսպիսի կեցվածք, ու, բնականաբար, Ն. Փաշինյանն անձամբ կրելու է լրջագույն քաղաքական պատասխանատվություն, դա նրան չի ներվելու»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments