Երկշաբաթյա չափազանց կարեւոր ժամանակաշրջան Արցախի համար

LGHH

Արցախի ԿԸՀ-ն ընտրության համեմատաբար փոքր մասշտաբի համեմատ համեմատաբար երկար հաշվարկից հետո վերջապես հայտարարեց նախնական տվյալը, համաձայն որի նախագահի ընտրությունը կունենա երկրորդ փուլ, որում կպայքարեն արտգործնախարար Մասիս Մայիլյանը եւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը Ազատ Հայրենիք կուսակցության նախագահն է:

Վիտալի Բալասանյանը, որը հիմնական երեք հավակնորդներից մեկն էր, կամ ավելի շուտ ոչ այնքան հավակնորդ, որքան նշանային, աչքի ընկնող թեկնածու՝ կապված նրա շուրջ Հայաստանի նախկին իշխող համակարգի խմբման հանգամանքի հետ, արձանագրել է երրորդ ցուցանիշը:

Երկրորդ փուլի հանգամանքն անշուշտ որոշում է ոչ միայն առաջին փուլի արդյունքը, այլ նաեւ այն, թե Արցախը որքանով մինչ այդ էլ զերծ կմնա կորոնավիրուսից: Ընդ որում, այս դեպքում կարող է լինել նաեւ մեկ այլ հարց: Եթե ստացվի իրավիճակ, որ առաջանա երկրորդ փուլը հետաձգելու անհրաժեշտություն, ապա արդյոք հետաձգվելու է միայն երկրորդ փուլը, թե՞ ընտրությունն ամբողջությամբ: Այդ հարցը ոչ միայն տեխնիկական է, այլ մեծ հաշվով կունենա նաեւ քաղաքական նշանակություն:

Եթե դիտարկենք  բնականոն ընթացքը, ապա կարճ քարոզչությունից հետո կլինի երկրորդ փուլ՝ երկու շաբաթ անց: Այդ պարագայում սովորաբար դիտարկվում է, թե ինչ հարաբերակցությամբ են բաշխվելու մյուս ուժերի ձայները, որ թեկնածուին են դրանք գնալու: Օրինակ, Վիտալի Բալասանյանի մոտ 10 հազար ձայնը գնալու է Արայիկ Հարությունյանի՞ն, թե Մասիս Մայիլյանին:

Շատ կարեւոր է լինելու, թե խորքում ինչ գործընթաց է լինելու, ինչպես են աշխատելու արցախյան տարբեր շերտերը, Արցախի դեռեւս գործող իշխանության տարբեր խմբերը, ինչպես է աշխատելու փողը: Առավել եւս, որ առաջին փուլի գործընթացում եւ քվեարկության օրը արձանագրվել են մի շարք իրողություններ, որոնք վկայել են ընտրական գործընթացում փողի մեծ դերակատարման մասին:

Անշուշտ էական նշանակություն է ունենալու այն, թե թեկնածուները եւ նրանց թիմերն ինչպես կաշխատեն հանրության հետ մինչեւ ապրիլի 14-ը, երբ տեղի կունենա երկրորդ փուլը:

Շատ կարեւոր է նաեւ, թե ինչպես կապահովվի Արցախում օրինական եւ հավասար, ազատ ընտրության հնարավորությունը, որպեսզի կատարվի քաղաքական ընտրություն, եւ Արցախն արձանագրի քաղաքական հաղթանակ, համաշխարհային նոր կյանքում դրա էական եւ կենսական անհրաժեշտության բերումով:

Ի դեպ, ապրիլի 14-ին ավարտվելու է Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, միաժամանակ այդ ժամանակաշրջանը հատկանշական թիվ է դիտարկվում նաեւ միջազգային մասշտաբով, քանի որ ԱՄՆ նախագահը ավելի վաղ հայտարարել էր ապրիլի 12-ի Կաթոլիկ Զատկից հետո նորմալ ռեժիմի վերադառնալու մասին: Մինչ այդ, անցնող երկու շաբաթները լինելու են ԱՄՆ համար ամենածանրը, հայտարարել էր Թրամփը, ասելով, որ դրանից հետո սակայն երեւալու է լույսը թունելի վերջում:

Գալիք երկու շաբաթը չափազանց կարեւոր ու պատասխանատու են լինելու Արցախի հանրության համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments