Ընդունվեց 14-րդ միջոցառումը, կփոխհատուցվեն ուսման վարձերը

- in Կրթություն

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի:

«Պայմանական շահառու խմբերը բաժանել ենք երեք խմբերի: Շահառուները բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացի հանդիսացող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողներն են, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թվականների ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 տոկոսը: Երկրորդ խումբը բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի՝ բացառությամբ ավարտական, ուսանողներն են, որոնց հանրագումարային  ՄՈԳ-ը կազմում է առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոսը: Եվ երրորդ խմբում պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողներն են՝ ուսանողական վարկերի մասով»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ավարտական կուրսերի սովորողների համար որոշվել է, որ 2019-2020 թվականների երկրորդ կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցվում է: Ընդ որում, եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, այս միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով: «Այսինքն՝ եթե ուսանողը մեր պետական մի շարք ծրագրերով ստացել է փոխհատուցում, մենք այս ծրագրով մնացորդային գումարն ենք փոխհատուցում: Երկրորդ կետով, եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսաման վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին, եթե վճարումը կատարվել է ֆիզիկական անձանց կողմից:

Ընդ որում, այն սովորողները, ովքեր մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 թվականների ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, կարող են հրաժարվել այս աջակցությունից, իսկ ուսանողական վարկով ուսման վարձը մարելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը: Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվում է մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում՝ մագիստրատուրայում ուսուցումը շարունակելու դեպքում»,- ասաց նա:

Մյուս կուրսերի համար սահմանվել է, որ 90 և ավելի տոկոս ՄՈԳ ունեցող ուսանողներին տրվում է վարձի 70 տոկոս չափով փոխհատուցում: Այս խմբի այն սովորողները, որոնք 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձեի փոխհատուցում, այս միջոցառման շրջանակներում փոխհատուցումը տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով: Եվ երկրորդ, եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 թվականների ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվում է հաջորդ կիսամյակի ուսման վարձի դիմաց կատարված վճարում:

«Մյուս խումբը այն ուսանողներն են, որոնք վարկեր են ստացել և որոնք կդիմեն նոր վարկերի համար: Այն սովորողները, որոնք հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի ավարտը կազմում է 80 և ավելի տոկոսը, նոր տրամադրվող ուսվարկերի տոկոսադրույքը 2020 մայիսի մեկից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից: Բոլոր այն խմբերը, որոնք կվերցնեն վարկեր և նրանց ՄՈԳ-ը կլինի 80 տոկոսից ցածր, ապա մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հատվածում տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս: Նույն սկզբունքը գործելու է նաև բոլոր այն վարկառուների համար, որոնք արդեն ունեն ուսանողական վարկեր»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափը ավելացնել 35 հազար դրամով:

Ավելացումը համապատասխանաբար կկազմի՝ հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 65 հազար դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 60 հազար դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55 հազար դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 65 հազար դրամ:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments