Թրամփը Հայաստանի տարածքը չէ, որ կարող է օգտագործել տիեզերքում

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ԱՄՆ-ը իրավունք է ստանում առևտրային և այլ նպատակներով օգտագործել Լուսնի և այլ տիեզերական մարմինների ռեսուրսը:

Թրամփի այդ համաձայնագիրը փաստացի համաշխարհային տնտեսական պատերազմի, այսպես ասած, տիեզերական մասշտաբի մասին համաձայնագիր է, որը վկայում է հետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական դաժան պատերազմի, դրա արդեն իսկ մեկնարկած լինելու մասին:

ԱՄՆ նախագահը հանձնարարել է պետքարտուղարին չեզոքացնել հրամանագրի կապակցությամբ միջազգային դժգոհություններն ու դիտարկումները, թե դա միջազգային իրավունքի և Լուսնի շուրջ միջազգային համաձայնագրի խախտում է: Կորոնավիրուսային և հետկորոնավիրուսային աշխարհում պատերազմի ըստ երևույթին դաժան տեսակը դառնալու է տնտեսականը, կամ լինելու է տնտեսական դաժան մրցակցություն՝ իհարկե ոչ առանց քաղաքականության կամ ռազմաքաղաքականության: Ի վերջո՝ այդ առումով ամեն ինչ համալիր է, ընդգրկուն:

Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր աշխարհում իր տեղը զբաղեցնելու հենց այդ համատեքստով: Ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանն առաջարկում է նոր աշխարհում զբաղեցնել, այսպես ասած, 30 միլիարդ դոլարանոց տարածություն այն ազատվելիք 3 տրիլիոնից, որ, ըստ մասնագետների, կարող է լինել տնտեսական ճգնաժամի հետևանքով: ԱՄՆ նախագահի հրամանագիրը հուշում է, թե որքան կոշտ է լինելու մրցակցությունը տնտեսական ամեն սանտիմետրի համար:

Իհարկե, Հայաստանը ամենևին Լուսնի հավակնորդ չէր, և Թրամփը Հայաստանի տարածքը չէ, որ կարող է օգտագործել տիեզերքում: Սակայն տնտեսական և ռազմաքաղաքական համալիրի ընդգրկումը բավական լայն է, և հետևաբար ամեն ինչ լինելու է փոխկապակցված և փոխազդված: Իսկ դա նշանակում է, որ 30 միլիարդի նշաձողը Հայաստանից պահանջելու է թե՛ տնտեսական միտք, թե՛ գաղափարներ, թե՛ նաև քաղաքական կամք և աշխարհաքաղաքական համարձակ ու կարևոր, միաժամանակ, իհարկե, բարդ որոշումներ:

Ինչպես ռազմական առումով կամ ռազմաքաղաքական առումով Հայաստանը կարողացել է անել հնարավորը աշխարհաքաղաքական կոշտ մրցակցության թեժ թատերաբեմ չլինելու համար, այդպես էլ տնտեսական պատերազմում Հայաստանը պետք է կարողանա լուծել համանման խնդիր և գտնել տարբեր ուժային կենտրոնների՝ Հայաստանի շուրջ շահերի համադրման բանաձևեր: Դրա նախադրյալները կան, այլապես չէր ստացվի ապահովել աշխարհաքաղաքական կամ ռազմաքաղաքական համադրելիությունը:

Պարզապես ակնառու է, որ այն ռեժիմը, որ կար մինչ այժմ, ինտենսիվության և ընդգրկունության առումով բազմապատկվելու է ավելի, և Հայաստանը պետք է բազմապատկի այդ հարցում իր կարողությունն ու մտավոր-գաղափարական ռեսուրսները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments