Ի՞նչն ավելի ամոթալի ստացվեց՝ ընտրությունների ընթա՞ցքը, թե արդյունքները

- in Ընտրություններ

Մարտի 31-ին Արցախում կայացել են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Եւ չգիտես ինչն ավելի ամոթալի ստացվեց՝ ընտրությունների ընթա՞ցքը, թե արդյունքները։ Այսօր Ստեփանակերտում կկայանա բողոքի ակցիա, սակայն մինչ այդ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել։

Այս գործընթացը կարելի է վերածել ուսուցողական ձեռնարկի՝ «Թե ինչպես չի կարելի անցկացնել ընրություններ» խորագրով։ Եւ սկսել դրանից, որ ինչ-որ ուժ թույլ չտվեց հետաձգել ընտրությունները, թեկուզ աշխարհով մեկ մոլեգնում էր պանդեմիան։ Արդեն այդ պահին հարց է առաջացել․ ինչի են ձգտում կամ ինչ են ուզում պահպանել որոշ ուժեր, որ ամեն գնով ուզում էին ընտրություններն անցկացնել հենց մարտի 31-ին։

Այդ պահին արդեն պարզ էր, որ գործարկվելու է կեղտոտ միջոցների ողջ արսենալը, եւ այդպես էլ եղավ։ Սոցցանցերում նկարներ եւ տեղեկություններ էին տեղադրվում խախտումների մասին, բացահայտ ասվում էր «գինը»՝ 20 հազար դրամ, ընդ որում այն տալիս էին քվեաթերթիկի նկարը ցույց տալուց հետո։

Սակայն ամենաամոթալին սկսվեց ձայների հաշվառման ժամանակ։ Սկզբից ազդարարվեց Արայիկ Հարությունյանի հաղթանակը առաջին փուլում՝ 57, 52 տոկոս, արդեն հրավառություն էին անում։ Մեկ էլ միանգամից դադարեցվեց թվերի հրապարակումը, Ա․ Հարությունյանի մամուլի քարտուղարը հանեց տրիումֆալ տեղեկություններն իր էջից, եւ սկսվեց ամենաամոթալին։

Պարզ էր, որ ընթանում է քաղաքական առեւտուր, կարելի է նույնիսկ ենթադրել, թե ում միջեւ։ Անկախ արդյունքներից, դա միանգամից զրոյացրեց ընտրությունների լեգիտիմությունը, որն առանց դրա էլ զրոյի էր մոտենում խախտումների պատճառով։

Արպիլի 1-ի 14․00-ին միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, խոնարհելով հայացքը, հրապարակեց արդյունքները։ Պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը 49,2% ձայն է ստացել եւ Մասիս Մայիլյանի հետ անցնում է երկրորդ փուլ։

Արայիկ Հարությունյանը նույնիսկ չփորձեց վիճարկել արդյունքները, ինչը ցույց տվեց, որ կա քաղաքական պայմանավորվածություն։ Այդ պայմանավորվածության մյուս կողմում խորհրդարանն է իր նոր, ավելի ահավոր կազմով։ Երկու նախկին օդիոզ գեներալների կուսակցություններ, Արայիկ Հարությունյանի օլիգարխիկ կուսակցություն, զոռով 5 տոկոսն անցած Ժողովրդավարական կուսակցություն եւ մինչ ընտրությունները գործընկեր մուրող ՀՅԴ-ն։ Ահա եւ Արցախի «նոր» խորհրդարանը, որը բացի ամոթի զգացումից՝ ոչինչ չի առաջացնում։

Այս խայտառակությունից մաքրվելու միակ ձեւն, իհարկե, նոր ընտրությունների նշանակումն է։ Թեկուզ դա հարված կհասցնի Արցախի միջազգային վարկին, բայց դա առողջացման նշան կդառնա։ Իսկ ներկայիս խայտառակությունն ավելի մեծ հարված է եւ Արցախի, եւ հայկական քաղաքականության վարկին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments