Ինչպիսի՞ն է Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերության շուրջ պատկերացումը

- in Հրապարակ

Եթե մենք չենք գալիս միասնական սակագնի Եվրասիական տնտեսական միության տարածքում, ապա վերանում է այդ տարածքի իմաստը: Նախորդ շաբաթ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ միտքն արտահայտեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով գազի գնի մասին:

Հայտնի է, որ Երևանն օրերս դիմել է Մոսկվային՝ տնտեսական համաշխարհային ճգնաժամի պայմաններում գազի գինը սահմանին նվազեցնելու համար: Միաժամանակ հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում ներկայացրել է ներքին շուկայում գազը թանկացնելու հայտ: Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանին գինը 23 դոլարով նվազեցնելու դեպքում չի լինի ներքին գինը թանկացնելու կարիք: Ինչպես հայտնի է, այժմ սահմանին գինը 165 դոլար է:

Դեռևս պարզ չէ, թե գազի գնի հարցում ինչ է արձագանքել Ռուսաստանը: Նամակը հղվել է «Գազպրոմի» նախագահ Միլլերին, սակայն կասկածից վեր է, որ պատասխանը որոշելու է Պուտինը կամ գուցե ճիշտ կլինի ասել՝ ՌԴ քաղաքական որոշումներ կայացնողը: Դա Պուտինն է, թե որոշակի, այսպես ասած, քաղաքական դեմքերի շրջանակ՝ արդեն կախված է Ռուսաստանում ներիշխանական ուժերի ներկայիս հարաբերակցությունից և իշխանության կառուցվածքից: Ամենևին միարժեք չէ, որ միանձնյա որոշումները կայացնում է Պուտինը: Ընդ որում, այստեղ նույնիսկ բավական դժվար է ասել, թե Հայաստանի համար որ տարբերակն է առավել բարենպաստ՝ Պուտինի միանձնյա՞ որոշումները, թե՞, այսպես ասած, ինչ-որ կոլեկտիվ շրջանակի կայացրած որոշումը:

Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ ինչպիսին է Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերության շուրջ պատկերացումը: Ինչպիսին է դա Պուտինի մոտ, ինչպիսին է դա ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային շրջանակի մոտ, ինչպիսին է այդ շրջանակում ուժերի հարաբերակցությունը, ըստ այդմ՝ քաղաքական որոշման հակվածությունը: Սրանք ոչ միայն կարևոր հարցեր են, այլև էական հարցերը թերևս հենց դրանք են:

Այսինքն՝ լայն իմաստով, ներկայիս վիճակը Մոսկվան կփորձի օգտագործել թավշյա հեղափոխությամբ Հայաստանում կորցրած որոշակի դիրքերը հետ բերելո՞ւ համար, ընդ որում՝ դիրքեր, որոնք բացարձակապես չէին բխում թե՛ Հայաստանի, թե՛ անգամ Ռուսաստանի երկարաժամկետ պետական շահից, թե՞ Մոսկվան կմտածի ներկայիս իրավիճակն օգտագործել Հայաստանի և Հայաստանի հանրության հետ ռազմաքաղաքական հարաբերությունը վերափոխելու, առողջացնելու հնարավորության մասին, ինչը էապես պայմանավորելու է նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական հեռանկարը Կովկասում:

Անկասկած է, որ Հայաստանի հետ հին հարաբերության պայմաններում Ռուսաստանը խոշոր հաշվով չունի այդպիսի հեռանկար և պարբերաբար կանգնելու է ճգնաժամերի առաջ, և պարզ չէ, թե դրանցից որը կլինի ՌԴ համար վերջինը:

Դժբախտաբար, որոշակի սցենարների պարագայում նույն խնդրի առաջ կանգնած կլինի Հայաստանը, և այս տեսանկյունից Հայաստանում էլ կա հիմնարար հարցի պատասխանը՝ մնալ գազային «մեծահոգություն» կորզելու տրամաբանության մե՞ջ, թե՞ դնել իսկապես խորքային քաղաքական հարցեր: Երևանը կարծես թե ընտրել է երկրորդ տարբերակը, քանի որ «մեծահոգության» համար, որպես կանոն, ժամանակի ընթացքում հարկ է լինելու վճարել ավելի թանկ, քան կարող է լինել անգամ թանկ գազը: Ի վերջո՝ դրա պարզ վկայությունը Հայաստանի վերջին ավելի քան երկու տասնամյակի գազային պատմությունն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments