Arayik Harutyunyan

Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացավ՝ չնայած բազմաթիվ մտավախություններին, որ կորոնավիրուսի պանդեմիան խանգարելու է երեկվա քվեարկությանը։

Արցախում նախօրեին հայտարարվել էր արտակարգ իրավիճակ, սակայն Արցախի իշխանություններն՝ ոչ առանց պաշտոնական Երևանի համաձայնության, չհետաձգեցին երկրորդ փուլի անցկացումը՝ խուսափելու համար սահմանադրական հնարավոր ճգնաժամից։ Հարկ է նշել, որ երեկ Արցախի բոլոր ընտրական տեղամասերում ձեռնարկվել էին կանխարգելիչ խիստ միջոցառումներ ու հուսանք, որ ընտրությունները կորոնավիրուսի տարածման պատճառ չի դառնա։

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 050 ընտրող կամ ընտրողների 44,9 տոկոսը:

Բավարա՞ր է այս ցուցանիշն՝ ընտրությունների քաղաքական լեգիտիմությունը կասկածի տակ չդնելու համար։ Կարծում եմ՝ այո։

Նախ՝ աշխարհի նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում մոտավորապես այսպիսի մասնակցություն է լինում, նույնիսկ՝ ստանդարտ պայմաններում։ Ըստ այդմ՝ պանդեմիայի պայմաններում 44,9 տոկոս մասնակցությունը միանգամայն օրինաչափ է, մանավանդ, որ գործ ունենք ընտրությունների երկրորդ փուլի հետ, որը հաջորդել է բարձր մասնակցությամբ ու մրցակցության մեծ բաղադրիչ ունեցող առաջին փուլին։

Սակայն՝ եթե նույնիսկ չլիներ պանդեմիան, երկրոդ փուլում օբյեկտիվորեն ավելի ցածր մասնակցություն էր լինելու։ Նախ՝ ընտրական գործընթացի առաջին փուլն ի հայտ բերեց ակնհայտ ֆավորիտին ու երկրորդ փուլն ավելի կանխատեսելի դարձավ։

Երկրորդ՝ մարտի 31-ին մեկտեղվել էին նախագահական ու խորհրդարանական ընտրությունները՝ մասնակիցների մեծ թվով, ինչի արդյունքում չէր կարող չլինել բարձր մասնակցություն։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նման պատկեր լինել չէր կարող, մանավանդ, որ նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանն, ըստ էության, հրաժարվել էր մրցապայքարից՝ իր ընտրողներին տանը մնալու կոչ անելով։ Եվ վերջապես իր «սև գործն» արեց պանդեմիան․ մարտի 31-ին Արցախում կորոնավիրուսի որևէ դեպք արձանագրված չէր, մինչդեռ երկվա դրությամբ՝ Արցախում պաշտոնապես հայտնի էր վեց վարակակիրների մասին։

Հիմա գանք ընտրություններ արդյունքներին, որոնք նախնական են՝ չնայած անշրջելի են դարձնում Արայիկ Հարությունյանի համոզիչ հաղթանակը։ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հարությունյանը նախնական տվյալներով հավաքել է ձայների 87 տոկոսը:

Ինչպիսի՞ Արցախ ենք ունենալու Արայիկ Հարությունյանի դեմքով։ Մի բան հստակ է՝ նրա հաղթանակը դժվար է հեղափոխություն համարել, մյուս կողմից՝ նորընտիր նախագահը բոլոր սկզբունքային հարցերում համերաշխ է պաշտոնական Երևանի հետ, ինչը նշանակում է՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև լինելու են միանգամայն ներդաշնակ հարաբերություններ, այլ խոսքով՝ Արցախը դադարեց լինել ռևանշիզմի պլացդարմ։

Արցախի Սահմանադրությունը ենթադրում է ուժեղ նախագահական իշխանություն, որը Արայիկ Հարությունյանին թույլ է տալիս կազմել մոնոլիտ կառավարություն, մանավանդ, որ նրա կուսակցությանն ընդամենը մեկ ձայն է պակասում՝ նորընտիր ԱԺ-ում մեծամասնություն ունենալու համար։ Այնուամենայնիվ, Արցախի չորրորդ նախագահը գիտակցում է, որ այս պահին երկրին անհրաժեշտ է քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա։

Հարությունյանը երեկ ասել է, որ իր ընտրվելու դեպքում՝ մյուս թեկնածուների հետ պարտադիր քննարկումներ են լինելու: «Համագործակցություն լինելու է բոլորի հետ, տարբեր թեմաներով: Մի քանի օրից կսկսեմ հանդիպումներս քաղաքական տարբեր ուժերի հետ: Այս երկրում ես խնդիր չունեմ ոչ ոքի՝ ո՛չ Մասիս Մայիլյանի, ո՛չ Սամվել Բաբայանի հետ»,-ասել է նա:

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հանուն երկրի՝ պատրաստ է բոլորի հետ համագործակցել:

Հուսանք, որ Արցախում կառավարման նոր մշակույթ ձևավորելու նախադրյալներ կան, մանավանդ, որ քաղաքական մրցակցության ինստիտուտն ավարտված ընտրական գործընթացում, կարծես թե, ամրապնդվել է։