Լազարյանի գործն ինքնիշխանության թեստ է Հայաստանի համար

- in Կարծիք

2020 թվականի մարտի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին ինքնակամ ներկայացել է ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանը:

1990 թվականին ծնված Միսակ Լազարյանը  հաշվառված  է ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում և սպանության համար՝  ՌԴ քրեական օրենսգրքի 105  հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով, հետախուզվում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից:

Միսակ Լազարյանին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի դեկտեմբերի 22-ին մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ենթադրաբար սպանել է Ադրբեջանի Զումուրխաչ գյուղի բնակիչ Ջաբար Ալիևին:

Լազարյանը մեր իրավապահներին հայտնել է, որ ինքը չի սպանել Ալիևին, սակայն տեղյակ է դեպքից և պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան վարույթ սկսելու դեպքում պատմել ամբողջ իրականությունը և պատասխանատվություն կրել ՀՀ օրենքներով:

Ըստ Լազարյանի՝ ադրբեջանցու նկատմամբ բռնություն կիրառելու պատճառն այն է եղել, որ վերջինս ռասսայական,  ազգային և կրոնական շարժառիթներով հայ ազգի նկատմամբ պարբերաբար դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք,  ինչն արտահայտվել է նրա կողմից պարբերաբար հայ ազգի ինքնությունը վիրավորող և հայ ազգի նկատմամբ թշնամական տրամադրվածություն ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելով ու տարածելով:

Չնայած այս հանգամանքին՝ Լազարյանը մեր դատարանի որոշմամբ, երկու ամսով կալանավորվել է, ինչի դեմ ընդդիմանալով՝ նա 15 օրից ավելի է գտնվում է հացադուլի մեջ։

Ռուսաստանը պահանջում է երիտասարդի արտահանձնումը, ինչին, գոնե առաջին տպավորությամբ, Երևանը չի առարկում, համենայն դեպս՝ կատարվող գործողությունները հուշում են, որ մեր պատկան մարմինները նախապատրաստվում են արտահանձման։

Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերով սահմանված կարգի համաձայն, այո,  Միսակ Լազարյանը որպես ՌԴ քաղաքացի ենթակա է հանձնման, սակայն պաշտոնական Երևանը հնարավորություն ունի կիրառել իրավական այլ ընթացակարգեր, որոնք թույլ կտան՝ Լազրայանին պահել հայրենիքում։ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքն ընձեռում է նման հնարավորություն, և Միսակ Լազարյանին Հայաստանի Հանրապետությունում ապաստան տրամադրելու դեպքում վերջինս չի կարող հանձնվել ՌԴ իրավապահներին, նա իր կատարած արարքի համար պատասխանատվություն կկրի Հայաստանում: Միսակ Լազարյանի ստորագրությամբ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու խնդրանքն էլ 2020 թվականի մարտի 13-ին է հանձնվել  ՀՀ Միգրացիոն ծառայություն և ներկայումս առկա է վարույթ՝ նրան ապաստան տրամադրելու վերաբերյալ։

Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ պատկան մարմինները պետք է արագ գործողություններ իրականացնեն՝ Լազարյանին ապաստան տալու և նրան Ռուսաստանին չարտահանձնելու համար։ Մոտիվներն ավելի քան բավարար են։

Նախ՝ Լազարյանը պնդում է, որ ինքը սպանության հետ կապ չունի, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանում անիմաստ է խոսել արդարադատության, որակյալ քննության մասին ու, ցավոք, այդ երկրում ոչ թե դատախազությունն է ապացուցում մեղադրանքը, այլ՝ հակառակը, մարդը պետք է փորձի ապացուցել իր անմեղությունը։ Այլ խոսքով՝ մեծ է վտանգը, որ եթե Լազարյանը հանձնվի, Ռուսաստանում ենթարկվելու է խոշտանգումների։ Էլ չեմ ասում այն մասին, որ Ռուսաստանը «հատուկ» հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ ու տեսականորեն մեր հայրենակիցը կարող է դառնալ նաև Բաքվի հնարավոր սադրանքի զոհը։

Մյուս կողմից՝ Լազարյանի գործն ինքնիշխանության թեստ է Հայաստանի համար։ Ռուսաստանն իր երկրում ապաստան է տվել ու հովանավորում է նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներին, այդ թվում՝ Մարտի 1-ի գորոծվ անցնող առանցքային մեղադրյալների։ Այս իրավիճակում՝ եթե Հայաստանն իրապես ինքնիշխան երկիր է, ապա առհասարակ չպետք է քննարկի Լազարյանին արտահանձնելու տարբերակը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments