Կա մի խոշոր հայտ, նոր ինվեստոր է, որն ուզում է լուրջ ներդրումներ անել

- in Տնտեսական
Artur Javadyan

Գյուղացիական տնտեսություններին արտոնյալ վարկեր տշրամադրելու ծրագրով արդեն ստացվել են 100-ից ավելի հայտեր։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Եվ բանկերից մեկն արդեն ակտիվ սկսել է գործունեությունը։ Ինձ թվում է այնտեղ մեծածավալ վարկեր կգնան։ Ինչ վերաբերում է մյուսներին, մի քանի հայտ կա։ Եվ կա մի խոշոր հայտ էլ, շատ հետաքրքիր հայտ է, որովհետև խաղողագործության ոլորտում լրիվ նոր տարածքների վրա նոր ինվեստոր է, որն ուզում է լուրջ ներդրումներ անել։ Դրա արդյունքը ստանալու է մի քանի տարի հետո։ Դա նշանակում է հավատ դեպի մեր տնտեսությունը, դա նշանակում է երկարաժամկետ պլանավորում են անում նաև մեր բիզնեսմենները»,- ասաց Ջավադյանը։

Կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը 2020-ին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Կենտրոնական բանկը:

Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 2020 թ. տնտեսական աճը կկազմի 0․7 %։ Այս մասին նշված է ԿԲ կայքում հրապարակված «Գնաճի հաշվետվություն փաստաթղթում  (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020 թ. Դրամավարկային քաղաքականության 2019 թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն):

Նշենք, որ անցած տարվա վերջին ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ, իսկ Կառավարությունը՝ 4,9 %: Այսինքն՝ նոր գնահատականների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ։

Տնտեսական ակտիվության դանդաղումը ակնհայտորեն կազդի հարկերի հավաքագրման վրա և ԿԲ-ն գնահատել է պահպանողական սցենար, ինչը ենթադրում է 2019 թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշի պահպանում։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկն ակնկալում է, որ տնտեսական աճը կվերականգնվի արդեն 2021-ին և կարող է կազմել 7,2 %:

Կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումների բացասական ազդեցությունը, ըստ Կենտրոնական բանկի՝ հիմնականում կնյութականանա 2020-ի երկրորդ եռամսյակում, որից հետո, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսությունն աստիճանաբար կվերադառնա իր բնականոն ընթացքին։ Բացասական ազդեցություն կկրեն տնտեսական բոլոր ճյուղերը, սակայն ավելի խոցելի են տուրիզմի և ժամանցի հետ սերտ առնչություն ունեցող ոլորտները։

Կանխատեսվում է նաև, որ բավականին կնվազեն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները՝ պայմանավորված նավթի գների կտրուկ անկման պարագայում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ և ռուբլու արժեզրկմամբ։ Մասնավոր փոխանցումների նվազումը կլինի 16-19 %-ի միջակայքում։

Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալները կնվազեն՝ 5-7 %-ով։ Ներքին թույլ պահանջարկի պայմաններում ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական ծավալները նույնպես կկրճատվեն՝ ձևավորվելով 9-11 % միջակայքում։ 2019-ին արտահանման իրական աճը կազմել էր 10․3 %, իսկ ներմուծման աճը՝ 9․1 %:

Ըստ ԿԲ-ի՝ գնաճը առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր մակարդակում՝ 2020-ի վերջին կազմելով 1․9 %, միջնաժամկետ հատվածում աստիճանաբար կմոտենա նպատակային ցուցանիշին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments