Կկարողանա՞ն Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաներն իրենց մեջ ուժ գտնել եւ համակարգային որոշում ընդունել

Bako Sahakyan

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, որը ներկա է եղել Արցախում մարտի 31-ին կայացած ընտրություններին, ասում է, որ Արցախում ճգնաժամ է։

Հղում անելով Ստեփանակերտում հետընտրական առաջին բողոքի ցույցին, նա ասում է, որ հեղափոխությունն ու դրա առանցքային արժեքները չեն կարող շրջանցել ըստ էության Հայաստանի մաս կազմող Արցախը, սա ընդամենը ժամանակի հարց է:

Սակայն նա չի առաջարկում հենց հիմա հեղափոխություն անել։ Պետք են քայլեր Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում: Դրանից հետո միայն կարելի կլինի քննարկել ու ելքեր գտնել ստեղծված իրավիճակից, ասում է Խառատյանը:

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ընտրություններն Արցախում արձանագրել են իրական քաղաքական դասավորությունը։ Նա չի ասել, որ նման դասավորությունը ճգնաժամ է առաջացնում, սակայն գոհանակություն էլ չի արտահայտել նման դասավորության կապակցությամբ։

Շատերը կասկածում են, որ մեկ շաբաթ հետո Արցախում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Հիմա բոլորը փորձում են պարզել ստեղծված վիճակի պատճառներն ու մեղավորներ փնտրել, սակայն առավել կարեւոր է գտնել այս վիճակից դուրս գալու ճանապարհը։

Արցախյան փորձագետ Հրաչյա Արզումանյանն առաջարկում է կտրուկ քայլեր։ Եթե մինչ օրս ես խոսում էի, որ պետք է Արցախում եւս իրականացնել իշխանության տրանզիտ, հետո սկսել Միացյալ Հայաստանի ձեւավորումը, ապա Արցախում կայացած խայտառակ ընտրություններից հետո համարում եմ, որ Երեւանը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ քայլեր ձեռնարկի Հայաստան-Արցախ դաշնային պետություն ստեղծելու ուղղությամբ, ասում է նա։ Արզումանյանը գտնում է, որ դրան այլընտրանք կարող է լինել միայն արտաքին ուժերի մուտքն Արցախ եւ Հայաստանի ու Արցախի բաժանումը։

Հրաչյա Արզումանյանն առաջարկում է մշակել նոր Սահմանադրություն, որը կընդունվի Հայաստանի եւ Արցախի բնակչության կողմից եւ կենթադրի Միասնական հայոց պետության ստեղծում։ Հակառակ դեպքում Արցախի թույլ եւ ոչ լեգիտիմ իշխանությունը շատ շուտով կհայտնվի արտաքին ուժերի վերահսկողության տակ։ Անվտանգության հարցերով փորձագետը տեսնում է, թե ինչպես են արտաքին միջամտության նախագծողներն արդեն այսօր փորձում վերջ դնել Արցախին եւ, այդպիսով, հայկական պետականությանը։

«Որքանով ես եմ հասկացել՝ շփվելով պաշտոնական շրջանակների հետ, տեսակետը հետևյալն է. Մոսկվան երբեք չի աջակցի Ղարաբաղի ուղիղ միացմանը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի մարզ դառնալուն. դա 200 տոկոսով», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնել է «Ռեգնում» գործակալության հիմնադիր Մոդեստ Կոլերովը։

Կկարողանա՞ն Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաներն իրենց մեջ ուժ գտնել եւ համակարգային որոշում ընդունել։ Թե՞ սեփական շահերից ելնելով, կհանձնեն հայոց պետականությունը արտաքին ուժերին, ինչպես ասում է Արզումանյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments