Կմասնակցի՞ քաղաքական պատասխանի ձևակերպմանը Սերժ Սարգսյանը

- in Պնակալեզներ
Serj Sargsyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասել է, որ երբ Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը ընդունեն ապրիլյան քննիչ հանձնաժողոի հրավերը, դա կլինի արդեն գործընթացի կուլմինացիան:

Հանձնաժողովը, որը գործում է արդեն գրեթե մեկ տարի և մինչև հունիս պետք է ներկայացնի իր եզրակացությունը, հրավեր էր ուղղել երկու գործիչներին էլ: Նախօրեին Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնել էր, որ Սարգսյանը ստացել է հրավերը, ու որոշման մասին կտեղեկացնեն հանրությանը: Յուրի Խաչատուրովը, ինչպես հայտնի է, հրաժարվել է ներկայանալ հանձնաժողովին: Այդուհանդերձ, եթե հրավերն ընդունի Սերժ Սարգսյանը, դա արդեն կլինի կուլմինացիա, անգամ առանց Խաչատուրովի: Առավել ևս, որ խոշոր հաշվով իհարկե ապրիլյան քառօրյա պատերազմի առումով առանցքային շերտերը թերևս քաղաքական հարթության վրա են, ոչ թե ռազմական: Թեև Յուրի Խաչատուրովը լինելով ռազմական գործիչ, լինելով այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝ այդուհանդերձ նաև քաղաքական իրողություններ պայմանավորող և արտացոլող ֆիգուր էր:

Այդուհանդերձ, ինչ կուլմինացիայի մասին է խոսում վարչապետը: Նա ինքը հայտարարել է, որ ծանոթացել է ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ հարյուրավոր գաղտնի էջերի: Ի՞նչ հարցեր են մնացել Նիկոլ Փաշինյանի համար դրանց ծանոթանալուց հետո, և արդյո՞ք քննիչ հանձնաժողովը այդ իմաստով պետք է փնտրեր պատասխանները, որոնք թույլ էին տալու ամբողջացնել այն, թե ինչ է տեղի ունեցել 2016-ի ապրիլին՝ ռազմաքաղաքական իմաստով: Թե՞ հարյուրավոր էջերը Նիկոլ Փաշինյանի համար չեն թողել անպատասխան հարցեր, իսկ քննիչ հանձնաժողովը խոշոր հաշվով ոչ թե հարցերի պատասխան գտնելու, այլ եղած պատասխանը ձևակերպելու միջոց է՝ խորհրդարանական մակարդակում ձևակերպելու միջոց: Եվ խոսքը քաղաքական պատասխանի մասին է, ինչի համար էլ թերևս ընտրվել է հենց այդ հարթակը, ոչ թե իրավապահ հարթությունը: Եվ դա թերևս լինելու է Հայաստանի քաղաքական պատասխանը այն ուժերին, որոնք կանգնած են եղել Բաքվի ադրբեջանական ագրեսիայի շրջանակում:

Յուրի Խաչատուրովը փաստորեն հրաժարվել է մասնակցել այդ պատասխանի ձևակերպմանը: Կմասնակցի՞ այդ քաղաքական պատասխանի ձևակերպմանը Սերժ Սարգսյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments