Կորոնավիրուսի տարածման օջախներն արդեն շատ են, կոչ եմ անում այս ամենին վերաբերվել շատ լուրջ

- in Առողջություն

«Իրականում կա նման կետ, երբ որ մենք կասենք, որ այլևս հնարավոր չէ գնալ ցանկացած նոր դեպքի հետևից՝ գտնելու, թե նա որտեղից է առաջացել կամ ում հետ է շփվել»,- այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։

Թորոսյանը հավելեց, սակայն, որ մենք դեռ հեռու ենք այդ կետից։ «Եվ մեր խնդիրն է այդ կետը այնքան հեռվացնել, որ երբեք չհասնենք դրան։ Բայց եթե դա հնարավոր չլինի անել տարբեր պատճառներով՝ հիմնականում օբյեկտիվ, որովհետև վիրուսը շատ հաճախ տարածվում է առանց սիմպտոմների, և շատ դժվար  է լինում հայտնաբերել բոլոր կոնտակտներին ու հիվանդներին, ապա գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտներով, և թեթև ծանրության պացիենտներին խորհուրդ է տրվելու բուժվել տանը։ Նման մոտեցում արդեն որդեգրել են շատ երկրներ, և մեր մոտեցումն է չհասնել այդ կետին, ոչ թե սպասել դրան։ Եվ մեր հասարակության ու պետական ապարատի ամբողջ ջանքը պետք է ներդրվի այդ կետը անհասանելիորեն հեռացնելու համար»,- նշեց Թորոսյանը։

Կան կորոնավիրուսի տարածման նաեւ նոր օջախներ. այսօր կորոնավիրուսով վարակվածություն հաստատվել է բեռնատարի վարորդի, ինքնաթիռով վերադարձող մեր քաղաքացիների մոտ:

«Դրանք հիմնականում հայտնաբերվել են սահմանային անցակետերում եւ այնտեղից անմիջապես տեղափոխվել են հիվանանոցներ եւ այլ մեկուսացման վայրեր»,- այսօր հրավիրված ասուլիսում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրանց շփման շրջանակը թեպետ հիմա պարզվում է, բայց, ըստ նախարարի, այնքան էլ լայն չէ․ «Սակայն հաշվի առնելով այս թվերը՝ պետք է ավելի քան զգոն լինենք դրա տարածումը կանխարգելելու համար: Պետք չէ խուճապի մատնվել, սակայն հիգիենայի, շփման խորհուրդ տրվող միջոցառումները պետք է անել»:

Կորոնավիրուսի տարածման աղբյուրները նշելն արդեն բարդ է, քանի որ դրանք արդեն շատ են, սակայն, ըստ նախարարի, պետք է կարողանանք կոտրել դրա տարածումը, քանի որ այլ տարբերակ, քան հայտնաբերել եւ տարածման ուղիները կոտրել, չկա: «Կոչ եմ անում այս ամենին վերաբերվել շատ լուրջ, քանի որ սա բոլորիս խնդիրն է: Եվ վտանգի տակ, իհարկե, երիտասարդ, շարժում քաղաքացիները այնքան էլ չեն, սակայն մեր տարեց, քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիներն են»,- ասաց նա:

Նա հաղորդեց, որ վարակվածների թվում կան փոքրաթիվ հղիներ եւ երեխաներ, տարեցներ եւ քրոնիկական հիվանդություն ունեցողներ, որ ռիսկի խմբում են, բայց նրանց մոտ 80 տոկոսը հիվանդությունը կրում է գրեթե ասիմպտոմ. կա՛մ շատ քիչ է ջերմել, կա՛մ չի ջերմել: «Նրանք թե՛ իրենց եւ թե՛ շրջապատի առողջության համար կարող են լինել վտանգավոր եւ պիտի մնան հսկողության տակ, որպեսզի եթե հանկարծ բարդացում լինի, արագ բուժօգնություն ցուցաբերվի, եւ որպեսզի վարակը չփոխանցեն մեր քրոնիկական հիվանդություններով եւ տարեց քաղաքացիներին»:

Նախարարը հիշեցրեց, որ ապրիլի 1-ի ընթացքում իրականացվել է 328 նմուշի հետազոտություն, որի արդյունքում 92 դրական արդյունք է ստացվել. «Դրանց կեսից ավելին նախապես հայտնի է եղել՝ մեկուսարանում կամ ինքնամեկուսացված, շփման մեջ են եղել վարակվածների հետ»: Փաստացի հաստատված դեպքերի թիվը 663 է:

Եղել է նաեւ կորոնավիրուսով վարակված մեկ քաղաքացու մահ, երկու քաղաքացի էլ կրկնակի բացասական ախտորոշում ունենալուց հետո դուրս է գրվել: «Հույս ունենք, որ ամեն օր առողջացած քաղաքացիների թիվը պիտի շատանա, քանի որ մոտենում ենք նախկին մեծաթիվ հայտնաբերումների 14-օրյա ժամկետին»,- ասաց նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments