Համաճարակից հետո, ժամը 6-ին

- in Կարծիք

Կալանատուն գնալուց առաջ Հաշեկի անմահ հերոսները՝ Շվեյկը եւ ծերունի սակրավոր Վոդիչկան պայմանավորվում են պատերազմից հետո հանդիպել Թասի մոտ պանդոկում, ժամը 6-ին: Իսկ սկանդալ լինո՞ւմ է այդ պանդոկում, հարցնում է Վոդիչկան: Միշտ էլ լինում է, աղջիկներ էլ են լինում, խոստանում է Շվեյկը: Ավելի լավ է վեցն անց կես արի, եթե հանկարծ ուշանամ, արդեն հեռվից գոռում է Շվեյկը: Իսկ ժամը վեցին չե՞ս կարող, հարցնում է Վոդիչկան: Լավ, վեցին կգամ, խոստանում է Շվեյկը:

Պատերազմից հետո հեշտ է պայմանավորվելը, որովհետեւ պատերազմն ավարտվում է ինչ որ պայմանագրով, կապիտուլյացիայի ակտով կամ խաղաղության կոնֆերանսով: Հենց այդ օրն էլ համարվում է պատերազմի ավարտը: Հատկապես, երբ խոսքը համաշխարհային պատերազմի մասին է:

Մարդկությունը բավական երկար ժամանակ համաշխարհային պատերազմ չի տեսել: Երկրորդ աշխարհամարտից հետո եղել են լոկալ պատերազմներ, իսկ երրորդ ու չորրորդ համաշխարհայիններից մեկը սառը պատերազմն էր, մյուսը՝ հիբրիդայինը: Մարդկությունը չգնաց «տաք» պատերազմի, քանի որ արդեն կար միջուկային զենքը, որն էլ զսպեց այն: Միջուկային զենքը կոչնչացներ աշխարհն ու մարդկությունը:

Բայց կյանքը շարունակվում է իր բոլոր օրինաչափություններով եւ հանգում որոշակի հանգրվանի, երբ կուտակվում է ահագին ավելորդ բան, սկսած համակեցության ու հարաբերությունների նորմերից, կարծրատիպերից ու ավանդույթներից, վերջացրած գլոբալ դրվածքներով, որոնք կտրուկ վերանայման ու վերափոխման կարիք են զգում:

Նոր կորոնավիրուսի համաճարակը Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անվանել է պատերազմ: Ներկայում քննարկումներ ու դատողություններ են արվում, որ համաճարակից հետո աշխարհն այլեւս նույնը չի լինելու, եւ նույնիսկ անճանաչելի է լինելու: Վիրուսն արդեն իսկ շատ բան է փոխել միջանձնային, հանրային, միջպետական, վերպետական միավորումների հարաբերություններում: Դա էլ դարձել է ներկայիս անորոշության, տագնապների ու սպասումների գեներացման պատճառը, գումարվելով այն հանգամանքին, որ առայժմ ամբողջովին պարզ չեն վիրուսի հատկանիշներն ու հետեւանքները:

Ի՞նչ վիճակում են հանրությունները դուրս գալու անորոշության այս փուլից, երբ չկան պատրաստի դեղատոմսեր բառի բուն եւ անուղղակի իմաստներով: Համաճարակն անում է իրենը, խնդիրն այն է, թե որքանով հանրությունները համարժեք կլինեն նրան, որքան էլ տարօրինակ հնչի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments