Հայաստանը Մոսկվայի առջեւ փաստացի դնում է 2013 թ. պայմանագրի հարցը

- in Տնտեսական

Եթե մեզ հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա ներքին շուկայում չի լինի թանկացման անհրաժեշտություն, Հայկական ժամանակին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա մարտի 31-ին նամակ է ուղարկել Գազպրոմի նախագահ Միլլերին, առաջարկելով բանակցություն սկսել սահմանին գազի գնի նվազեցման համար, հաշվի առնելով համաշխարհային իրադրությունն ու նավթի գնանկումը:

Հայտնի է, որ գազի գինն այժմ 165 դոլար է սահմանին: Միաժամանակ, Գազպրոմ Արմենիան էլ գազի գնի թանկացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Դա Գազպրոմ Արմենիայի ավանդական գարնանային քայլ է, սակայն այս ժամանակաշրջանում այն բավական չարագուշակ է դառնում:

Փաստորեն, ըստ Մհեր Գրիգորյանի, եթե սահմանին գազի գինը իջնի մինչեւ 142 դոլար, ապա ներքին շուկայում թանկացման կարիք չի լինի: Միաժամանակ, փովարչապետ Գրիգորյանն անում է հետաքրքիր մի ձեւակերպում՝ Կարծում եմ, որ մենք պետք է ջանքեր գործադրենք սահմանի գնի նվազեցման ուղղությամբ, իսկ ՀԾԿՀ-ն սահմանված ժամկետում բծախնդրորեն կգնահատի հայցվող հավելյալ մարժայի չափի հիմնավորվածությունը:

Փոխվարչապետի խոսքը կարծես թե որոշակի զգուշացում է Գազպրոմին, որ Հայաստանի առաջարկին ընդառաջելու պատրաստակամություն չցուցաբերելու դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ամենայն բծախնդրություն կցուցաբերի Գազպրոմ Արմենիայի հայտի եւ մարժայի նկատմամբ, ինչը գուցե ակնարկ է, որ Երեւանը պարզապես կգնա մարժայի նվազեցման եւ այդպիսով ներքին շուկայում գազը թանկացնելու Գազպրոմ Արմենիայի հայտի մերժման:

Խոշոր հաշվով, դա նշանակելու է 2013 թվականի դեկտեմբերին Գազպրոմի հետ Հայաստանի կնքած պայմանագրի վերանայում, որը տնտեսա-քաղաքական իմաստով ամոթալի պայմանագիր էր, այդ շրջանում Հայաստանի հանդեպ ամոթալի քաղաքական ակտերից մեկը:

Փոխվարչապետ Գրիգորյանի խոսքը վկայում է, որ Երեւանը գազի գնի հարցում հաստատակամ է: Այդ հարցն անշուշտ լոկ տնտեսական չէ, այլ ներառում է քաղաքական լայն համատեքստ: Երեւանն ըստ ամենայնի գտնում է, որ ներկայում հարմար պահ է առանցքային հարցերը սեղանին դնելու համար: Իհարկե այդ համատեքստում կարեւոր է, թե ինչպիսին է Երեւանի այլընտրանքը, եթե Մոսկվան չհամաձայնի:

Օրինակ, ինչի է պատրաստ Իրանը՝ Հայաստանի գազաատակարարման այլընտրանքային աղբյուրը: Ընդ որում, Երեւանն այդ իմաստով ունի Մոսկվայի ու Թեհրանի միջեւ մրցակցություն խթանելու հնարավորություն, որն իհարկե պահանջում է կիրառման բավականին նուրբ կարողություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments