Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք արտադրող

- in Տնտեսական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձավ հարցին, թե ինչ քայլեր է անում Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով տնտեսությունում առաջացած բացասական հետևանքները չեզոքացնելու համար։

«Նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ մեր ռազմավարական պատկերացումն էր, որ ՀՀ-ն պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք արտադրող»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ մեր երկրում կան մի քանի նախագծեր, կառավարությունը նպատակադրված է, որ մեր երկրում նաև մետալուրգիա լինի, ընդհանրապես մշակվող արդյունաբերությունը զարգանա։

«Անցյալ տարվա տվյալներով՝ շատ կարևոր ցուցանիշ մենք արձանագրեցինք։ 2019 թվականի տվյալներով վերջին տասնամյակի համար մենք աննախադեպ տնտեսական աճ ունեցանք։ Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է այն նախագծերին, որոնց նպատակը Հայաստանում մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելն է, Փաշինյանն ասաց, որ այս հարցի հետ կապված լինելու են բնապահպանական բանավեճեր։ «Այս հարցի հետ կապված ես տեսնում եմ երկու կարևոր սահման ու բևեռ։ Իհարկե, մենք ասել ենք, որ ՀՀ-ն ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանի։ Բայց բնապահպանությունը պետք չէ բացարձակ դարձնել»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ բնապահպանությունը ՀՀ համար կարևոր ոլորտ է, բայց կառավարությունը բնապահպանությունը չի հակադրում տնտեսությանը։ «Արդյունաբերությունը պիտի զարգանա՝ հաշվի առնելով այն բնապահպանական կանոնները, ստանդարտները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում։ Ինչ վերաբերում է ճգնաժամը հաղթահարելու մեր տեսլականին, այստեղ մենք ունենք կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ։ Կարճաժամկետ առումով մենք խնդիր ենք դնում այս տարի հնարավորինս արագ ու մեծ ծավալով իրականացնել կապիտալ ներդրումներ, որովհետև կապիտալ ներդրումներն ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են։ Խոսքը պետական կապիտալ ներդրումների մասին է, որոնք իրենց հետևից քարշակում են նաև տնտեսության այլ ճյուղեր»։ Իսկ երկարաժամկետ առումով, ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարությունը կարծում է, որ հիմնական խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի, տեխնոլոգիայի զարգացումը։ Ժամանակակից աշխարհում տնտեսության զարգացման կարևոր ռեսուրսը մարդն է և իր հմտութունները, հավելեց վարչապետը։ Աղքատության ու բարեկեցության սահմանը, նրա խոսքով, գիտելիքն է, հմտությունը։ Ժամանակակից աշխարհում հմտություններ, գիտելիք, կրթություն ունեցող մարդիկ են, որ հաջողակ են։ «Մեր երկրի պատմության ընթացքում հաջողության ու հարստության սիմվոլները միշտ չէ, որ կապվել են գիտելիքի և հմտությունների հետ, բայց ես ուզում եմ ժամանանակից աշխարհի օրինակը ցույց տալ»,- նշեց նա։

Փաշինյանը հավելեց, որ հիմա պատրաստվում է ՀՀ մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության տեսլականը։ «Մեր խնդիրն է կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ։ Սա է մեր երկրի տնտեսությունը զարգացնելու և տնտեսական հեղափոխություն իրականացնելու ռազմավարական բանաձևը»,- հավելեց նա։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments