Հայաստանի դեմ գազային գրոհի հակառակ երեսը

- in Տնտեսական

Սահմանին գազի գնի նվազման շուրջ բանակցության առաջարկով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակից հետո, որ ուղղվել էր Գազպրոմի նախագահ Միլլերին, նկատելի է բավականին ուժեղ քարոզչական գրոհ պաշտոնական Երեւանի դեմ:

Դրա առիթն էլ դարձավ Գազպրոմ Արմենիայի հայտը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գինը թանկացնելու առաջարկով:

Արագորեն ձեւավորվեց մեդիատիրույթում աշխույժ փորձագետների, տարբեր կարգի գործիչների մի շրջանակ, որոնք ստանձնել են գազի թանկացման հայտի յուրօրինակ ինֆորմացիոն հովանավորությունը, երբեմն ուղիղ, երբեմն նուրբ ձեւով դրա համար մեղադրելով Հայաստանի կառավարությանը, Ռուսաստանի հանդեպ ոչ համապատասխան կեցվածքի համար:

 

Ավելին, բանը հասել է անգամ այնտեղ, որ այդ հարցով կարող են ներգրավվել մարդիկ, որոնց ադրբեջանական խավիարային ռեսուրսները արդեն տարիներ շարունակ ներգրավել են Հայաստանի դեմ իրենց քարոզչության շրջանակ:

Դա վկայում է, որ խնդիրն այդուհանդերձ փոքր ինչ ավելի ընդգրկուն է, քան ընդամենը գազի առիթը կառավարության դեմ օգտագործելու ներքաղաքական շահադիտական նպատակը: Ըստ ամենայնի, ձեւավորվող գործընթացը ավելի լայն դիմադրություն է մի ռիսկի, որ կարող է բավական լայն շրջանակի համար պարունակվել գազային բանակցության շուրջ Հայաստանի շեշտադրման մեջ:

Փաստացի, Հայաստանի առաջարկն այլ բան չէ, քան սկսել 2013 թվականի գազային պայմանագրի վերանայումը: Այդ պայմանագիրը Հայաստանի սուբյեկտության չեզոքացման ընդգրկուն փաթեթի մասն էր: Փաթեթը աշխուժորեն գործի դրվեց 2013 թվականից, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հասունացման տրամաբանության շրջանակում, որով պետք է արմատապես փոխվեր ռեգիոնալ անվտանգության այն համակարգը, որը ձեւավորել էր Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո, արցախյան հաղթանակով:

Խոշոր հաշվով, գազային նոր բանակցությունը, որ առաջարկում է Երեւանը, ընդգրկում է հենց այդ տողատակը, եւ խորհրդանշական է, որ նամակը ուղարկվել է Մոսկվա հենց ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի շեմին: Գազի գնի շուրջ սպասվող բանակցությունը, եթե Մոսկվան չմերժի եւ չդիմադրի, լինելու է Հայաստանի դեմ փաթեթի հերթական սեգմենտի փլուզում, որն իր դրական նշանակությունն է ունենալու ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության, այլ նաեւ հայ-ռուսական միջպետական հարաբերության առողջացման գործում:

Բայց հայ-ռուսական փոխադարձ շահերի ճանաչման, հարգանքի վրա կառուցված, ոչ վասալային հարաբերությունը գործնականում փլուզելու է Հայաստանի, ռուսական տնտեսա-քաղաքական էլիտայի մի շարք խմբերի եւ նրանց թուրքական ու ադրբեջանական գործընկերների երկարատեւ քաղաքականությունը: Փլուզվելու է այն, ինչի վրա է կռուցված եղել իշխանության մի որոշակի մաս թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե Ադրբեջանում, եւ հնարավոր է անգամ Թուրքիայում:

Հայաստանի հետ այդօրինակ հարաբերության կառուցումը Ռուսաստանի համար էլ նշանակելու է ինքնիշխանություն՝ ինքնիշխանություն ռուսական պետականությունը լատենտ, թե բացահայտ ուղղորդող թյուրքական տարրից, որով Թուրքիայի նախագահը սպառնում էր քանդել Ռուսաստանը եւ գործնականում չարժանացավ որեւէ բարձր մակարդակի առարկության:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments