Հայաստանն արտակարգ ռեժիմի դրության պայմաններում որքան կնվազեցնի վարակի դինամիկան

Նյու Յորքում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության նոր դեպքերի ցուցանիշի փոքր-ինչ նվազեցում է նկատվում: Դա հույս է տալիս ասելու, որ, կարծես, վարակի տարածումը սկսում է դանդաղել:

«Ամերիկային ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Չնայած լավատեսությանը՝ Կուոմոն ընդգծել է՝ վստահաբար դժվար է ասել, որ պանդեմիան հասել է իր պիկին: Նա ավելացրել է, որ մեկ օրվա ցուցանիշով ընդհանուր եզրահանգումներ անելը դեռ վաղ է, պետք է մի քանի օրվա տվյալներով իրավիճակային վերլուծություն անել:

Ապրիլի 5-ին նահանգի իշխանությունները տեղեկացրել էին, որ մահացության 218 նոր դեպք է գրանցվել, այնինչ՝ նախորդ օրերին այդ ցուցանիշը 387 էր, 305 էր: Նահանգում մահացության ընդհանուր ցուցանիշն ավելի քան 4 հազար 200 է:

Նշվել է, որ նվազել է նաև ինտենսիվ թերապիայի համար դիմելիության ակտիվությունը:

Զգուշավոր լավատեսություն հայտնելուն զուգահեռ, նահանգապետը հորդորել է բնակիչներին շարունակել լինել ուշադիր, պահպանել կարանտինի կանոնները: Նա տեղեկացրել է, որ հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված մնալ և դեռ ունեն բժշկական պարագաների պակաս:

Հայաստանում նախորդ օրը հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 11 դեպք, ինչը զգալիորեն քիչ է անցնող օրերին արձանագրված թվերից, որոնք հասնում էին մի քանի տասնյակի: Վարչապետ Փաշինյանը հայտնելով այդ տեղեկությունը, նաեւ նշել է, որ դինամիկան պահելու դեպքում հնարավոր է արդեն հաջորդ շաբաթ թուլացնել արտակարգ դրության, կարանտինի ռեժիմը:

Միաժամանակ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ավելի վաղ նշել էր, որ Հայաստանում փաստորեն պահպանվել է 7-օրյա շրջանակում կրկնակի աճի տեպը: Արսեն Թորոսյանը շատ ավելի առաջ նշել է, որ Հայաստանում խնդիրը հենց այդ տեմպը նվազեցնելն է: Պարետ Տիգրան Ավինյանը նախօրեին հայտնել էր, որ թեեւ այդ դինամիկան առկա է, սակայն հաջողվել է նվազեցնել վարակի գործակիցը, այսինքն 1 մարդուց վարակի փոխանցման դինամիկան: Ըստ Տիգրան Ավինյանի, Հայաստանում 2 ցուցանիշից հաջողվել է իջեցնել 1,4-ի, եւ պետք է հասնել 1-ից ցածր ցուցանիշի:

Արդյոք նախօրեի թեստավորումների արդյունքում ընդամենը 11 վարակակիր ունենալու հանգամանքը հուշում է, որ Հայաստանում նվազում է դինամիկան եւ արդյունքը: 1 օրվա արդյունքը անշուշտ խստ անբավարար է այդպիսի եզրակացության համար: Այս օրերին եղել են նկատելի նվազումներ, բայց նաեւ նկատելի աճեր, ըստ այդմ պետք է տեսնել ընդհանուր դինամիկան գալիք շաբաթվա ընթացքում:

Չի՞ շտապում արդյոք վարչապետ Փաշինյանը, հանրությանը տալով սպասման այդպիսի ազդակ, թե՞ Հայաստանի կառավարությունը ոչ միայն տեսել, այլ սկսել է շոշափել լույսը թունելի վերջում:

Հաջորդ շաբաթ գործնականում լրանում է արտակարգ դրության ժամկետը եւ կառավարությունը պետք է որոշի ինչ անել հետո՝ շարունակել նույն խիստ ռեժիմը, թե անցնել այլ ռեժիմի: Հնչում է գնահատական, որ ապրիլի 14-ին արտակարգ դրության ժակետը լրանալուց հետո այն հնարավոր է երկարաձգել միայն առանձին վերցրած բնակավայրում: Իրավական որեւէ լուծում իհարկե կգտնվի, սակայն խնդիրն այն է, թե Հայաստանը որքան կարող է դիմանալ արտակարգ դրության եւ խիստ կարանտինի ռեժիմում:

Խոսքը տնտեսական դիմադրունակության մասին է: Իսկ այստեղ հարցերը իսկապես շատ են, որքան էլ կառավարությունը փորձում է տարբեր ծրագրերով մեղմել տնտեսական ու սոցիալական հետեւանքը: Ի վերջո, Հայաստանը չունի ֆինանսական անվտանգության մեծ բարձիկ, այն հանրության եւ տնտեսության գլխի տակ դնելու համար: Հետեւաբար, Հայաստանի համար հրամայական է ինչպես արդյունավետ պայքարը վարակի դեմ, այդպես էլ տնտեսական կյանքի արդյունավետ ռեիմի վերադառնալը:

Դա իհարկե կախված է վարակի դեմ պայքարի արդյունքից, բայց միաժամանակ մասնագետները գրեթե միաբերան նշում են, որ անիրատեսական է մտածել վարակը ընդհանրապես չեղարկելու մասին եւ պետք է գտնել մի կողմից դանդաղ վարակվելու, այսինքն կառավարելի համաճարակի, եւ աստիճանաբար կյանքի լիարժեք ռեժիմի վերադառնալու հնարավորությունը: Ակնառու է, որ ընտրված է այդ մարտավարությունը, իսկ թե որքան արդյունավետ է այն իրացվում եւ կառավարվում, դա արդեն արժանանում է տարբեր գնահատականների:

Ընդ որում, հնչող գնահատականների մեծ մասում ակնհայտորեն առկա է քաղաքական շահադիտությունն ու անձնական խնդիրները կառավարության հետ:

Ըստ ամենայնի, ներկայիս գլխավոր հարցը ոչ միայն այն է, թե Հայաստանն արտակարգ ռեժիմի դրության պայմաններում որքան կնվազեցնի վարակի դինամիկան, այլ դրան զուգահեռ որքան կավելացնի առողջապահական համակարգի թե կանխարգելիչ, թե օպերատիվ արձագանքի կարողությունները՝ սկսած արհեստական շնչառության սարքավորումների ապահովումից, մինչեւս թեստեր, դեղորայք եւ նաեւ քաղաքացիների մեկուսացման համար պայմաններ, ըստ ծանրության աստիճանի:

Ակնառու է, որ կառավարությունն անցնող շաբաթվա ընթացքոմ իրականացրել է այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանք: Միաժամանակ, Հայաստանը սպասում է օժանդակություն մի քանի երկրներից: Ըստ ամենայնի, որոշակի ռեսուրսային պաշարի ապահովման պարագայում, եթե հաջողվի նաեւ նվազեցնել վարակի դինամիկան, կառավարությունը կանցնի իրավիճակը «բաց թողնելուն»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments