Հայաստանում որեւէ ապրանքի պակաս չի զգացվել եւ, փառք Աստծո, չի էլ սպասվում

- in Հասարակություն
Mterqner

«Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի: Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, իրար հետ բոլոր խնդիրները կհաղթահարենք: Հայաստանը ունի պարենի բավարար պաշարներ»` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օգտատիրոջ այն նկատառմանը, թե Վանաձորում հացը թանկացել է, սով է սպասվում, Փաշինյանն արձագանքեց.

«Կխնդրեի ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որովհետեւ դա միշտ լավ չէ»:

Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանում որեւէ ապրանքի պակաս չի զգացվել եւ, փառք Աստծո, չի էլ սպասվում:

Գնաճի պատճառներից մեկը, ըստ վարչապետի, այն է, որ 2018 -19 թթ. եւ 2020 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն:

«Ուզում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության  զեկույցների համաձայն 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել էին 6 տոկոսով, մինչդեռ Հայաստանը 2019 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ոլորտում արձանագրել էր 0.3 տոկոս գնանկում: Այսինքն ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում նախաճգնաժամային շրջանում ցածր գնաճային ֆոն է եղել եւ փետրվարին մենք 0.2 տոկոսով գնանկում ենք ունեցել: Ինչ վերաբերում է գնաճային երույթներին, ես հանձնարարել եմ ուսումնասիրել, թե դուք Վանաձորի ինչ դեպքի մասին եք խոսում, որովհետեւ ես առավոտյան վերցրել եմ խոշոր առեւտրային ցանցերի իրավիճակը եւ իմ ձեռքի տակ եղած տվյալներով այդ ցանցերում հացի թանկացում տեղի չի ունեցել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ որոշ ապրանքների որոշ թանկացումներ տեղի ունեցել են եւ այդ թանկացումները իրենց անհանգստացնում են:

Ներկայացնելով թանկացումների այլ հնարավոր պատճառները՝ Փաշինյանը խոսեց արտարժույթային տատանումների եւ ԵԱՏՄ շրջանակներում որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին:

Փաշինյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ առաջիկայում Հայաստանի համար որոշ ապրանքների մաքսատուրքեր կիջնեն. խոսքն, ըստ նրա, վերաբերում է մսի, հնդկաձավարի, կարագի, բրնձի, արեւածաղկի ձեթի, բժշկական պարագաների եւ այլ ապրանքների:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ գործողությունները կմեղմեն գնաճը:

«ՏՄՊՊՀ նախագահն ամենօրյա ռեժիմով ինձ զեկուցում է եւ մենք հսկողության տակ ենք պահում գնաճը, վստահեցնում եմ՝ անտրամաբնական եւ հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա»,- նկատեց վարչապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments