Հայաստան վերադառնալու հարցում օգնում է Վրաստանը

Վրաստանի օժանդակությամբ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում մի քանի տասնյակ պատանի, որոնք կորոնավիրուսի համաճարակի հետևանքով թողնում են ուսումն ու վերադառնում հայրենիք: Հաղորդուղիների հասկանալի կաթվածահարության պայմաններում նրանց Հայաստան վերադառնալու հարցում օգնում է Վրաստանը:

Բանն այն է, որ վրացական կողմն էլ ունի ԱՄՆ-ում ուսանող երիտասարդ քաղաքացիների հարց, նրանց Վրաստան տեղափոխելու հարց: Վրացական կողմն այդպիսով օժանդակում է նաև հայ երիտասարդների վերադարձին: ԱՄՆ-ից Դոհա ուղերթին աջակցում է ԱՄՆ-ը, իսկ Դոհայից Թբիլիսի՝ Վրաստանը:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը տեսանյութ է տեղադրել համացանցում, թե ինչպես են Հայաստան վերադարձող երիտասարդները երգում օդանավակայանում: Այդ ամենն իսկապես բավականին հուզիչ է, կորոնավիրուսային աշխարհում մեր շուրջն արձանագրվող հուզիչ պատմություններից, պատկերներից մեկը: Միևնույն ժամանակ, մենք կարող ենք տեսնել նաև հետկորոնավիրուսային աշխարհի հեռանկարում մեզ համար կարևոր մի պատկեր՝ հայ-վրացական սերտ գործակցության օրինակ, որի շնորհիվ Թբիլիսին Երևանի խնդրանքով կազմակերպում է հայ երիտասարդների տունդարձը՝ վրաց երիտասարդների հետ մեկտեղ:

Ինչ խոսք, այս իրավիճակը առաջացնում է նաև հարցեր, թե ինչու Հայաստանն ինքը չունի կոմունիկացիոն այն հնարավորությունը, որը թույլ կտար իրականացնել այդ տունդարձը, ինչո՞ւ է Հայաստանը տարիներ շարունակ աչքի ընկել ոչ թե ազգային ավիափոխադրող ունենալու հաջող, այլ անհաջող փորձով: Այդ հարցերը անկասկած պետք է լինեն հայաստանյան հանրային օրակարգում, և դրանք արդեն իսկ օրակարգում են օրերս ծագած ավիացիոն սկանդալի ֆոնին:

Բայց, դրանով հանդերձ, առկա իրավիճակում ականատես ենք դառնում հայ-վրացական գործակցության, որը պետք է նաև առիթ դառնա խորհելու այն մասին, որ հետվարակային աշխարհում երկու հարևան պետությունները, առավել ևս անվտանգային բնական պահանջներով ու անհրաժեշտություններով շաղկապված երկու պետությունները պետք է ունենան որակապես այլ գործակցության մակարդակ: Դա պարզորոշ վկայեց կորոնավիրուսային աշխարհը, որտեղ իրավիճակը, արտակարգ մարտահրավերն ու սպառնալիքը ստիպեցին երկրներին սեղմվել, ինչը բարձրացրեց անմիջական հարևանի՝ առավել ևս անվտանգային միասնական տրամաբանության միջավայրում գտնվող հարևանի նշանակությունն ու զորակցության արժեքը:

Այդ իմաստով Երևանն ու Թբիլիսին ռեգիոնում բացառիկ վիճակում են, ինչը պետք է ստիպի հետկորոնավիրուսային աշխարհի առնչությամբ իրականացնել համատեղ քննարկումներ ու երկխոսություն: Իհարկե, թվում է, որ այժմ դրա ժամանակը չէ, քանի որ երկրները առանձին-առանձին զբաղված են վարակի դեմ պայքարով և պիկը կառավարելով, կորը կոտրելով: Սակայն անկասկած է, որ հաջորդելու է շրջանը, երբ սկսվելու է նոր համաշխարհային հեռանկարներին միտված կյանքը, որին պետք է պատրաստվել արդեն այսօր, և անկասկած է, որ այդ պատրաստվածությունը մի կողմից՝ պահանջելու է առավելագույն ինքնաբավություն, մյուս կողմից՝ առավելագույն արդյունավետ կոոպերացիա այլ պետությունների, առավել ևս՝ անվտանգային ընդհանուր պահանջների միջավայրում գտնվող անմիջական հարևանների հետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments