Հայտնի չէ, թե երբ ԵՊՀ-ն կունենա նոր ռեկտոր

- in Կրթություն

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության օրը նախապես որոշված էր՝ մարտի 23-ին։

ԵՊՀ-ի պաշտոնական կայքում էլ տեղադրված է տեղեկություն, թե ովքեր են ռեկտորի հավակնորդները՝ Վահրամ Դումանյան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան), Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ), Ռուբեն Մելքոնյան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան), Պավել Գևորգյան (Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ), Աշոտ Սաղյան (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար)։ Հավակնորդներն էլ հարցազրույցներ էին տալիս ԶԼՄ-ներին և խոսում իրենց ապագա ծրագրերի մասին։

Արտակարգ դրության ռեժիմը ստիպեց վերանայել նախկինում ծրագրված, պլանավորված շատ բաներ, այդ թվում և ռեկտորի ընտրությունը։

Թե երբ տեղի կունենա ԵՊՀ ռեկտորի ընտրությունը՝ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանն արձագանքեց՝ օրը որոշված չէ, կախված է արտակարգ դրությունից։

ԵՊՀ ռեկտորի թեկնածու, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն արձագանքեց, որ ինքը տեղյակ չէ, թե երբ տեղի կունենա ընտրությունը։

«Իմ ունեցած տվյալներով՝ գործող հոգաբարձուների խորհրդի ժամկետը նույնիսկ ավարտվել է։ Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ, չեմ էլ կարող լինել՝ որպես դեկան ոչինչ ասել չեմ կարող։ Գիտեմ, որ այդ ընտրությունը հետաձգվել է անորոշ ժամկետով՝ կապված արտակարգ դրության հետ»,- արձագանքեց Վահրամ Դումանյանը։

Հետաքրքրվեցինք, թե հեռավար եղանակով չկա՞ շփում բուհի ղեկավարության հետ։

«Բուհի ղեկավարության հետ լինում է քննարկում, պրոռեկտորների հետ է լինում քննարկում։ Հոգաբարձուների խորհրդի ժամկետն ավարտվել է, ես ո՞ւմ հարց ուղղեմ»,- հարցին հարցով պատասխանեց Վահրամ Դումանյանը։

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 1-ից լրացել է Երևանի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը, և ըստ օրենքի՝ արդեն պետք է ձևավորված լիներ հոգաբարձուների նոր խորհուրդ: Սակայն արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ նոր խորհուրդ չի ձևավորվել:

Մարտի 23-ին նշանակված էր համալսարանի ռեկտորի ընտրությունը, և այս խորհուրդը պետք է ընտրեր համալսարանի նոր ռեկտոր, սակայն այդ ընտրությունները ևս հետաձգվեցին: Հիմա հայտնի չէ, արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո համալսարանի ռեկտորին պետք է ընտրի հի՞ն խորհուրդը, թե՞ նոր ձևավորվելիքը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments