Վարչապետն ու նախագահը հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին – Լուսանկարներ

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը:

Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք աշխատանքի են ընդունվել «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ապահովել աշխատանքով:

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments