Mamedyarov

Ապրիլի 21-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսից ու դրանից առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնվել էր աննախանձելի վիճակում:

Լավրովն ասել էր, որ սեղանին ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակն է, որը նախատեսում է տարածքային զիջումներ հայկական կողմից: Դրանից հետո Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ հայկական կողմը ոչ մի փուլային տարբերակ չի քննարկում, միակողմանի զիջումներ չեն կարող լինել, եւ պայմանավորվածության համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը հայտարարի Արցախի կարգավիճակը ճանաչելու մասին, ընդհուպ մինչեւ անկախություն:

Դրանից հետո Ադրբեջանում իսկական հիստերիա սկսվեց: Ադրբեջանի նախագահի վարչակազմի աշխատակից Հիքմեթ Հաջիեւը քննադատեց Մամեդյարովին, մի քանի պատգամավորներ անգամ առաջարկեցին նրան պատասխանատվության կանչել:

Ամեն ինչ գնում էր նրան, որ Մամեդյարովին կհեռացնեն: Ըստ երեւույթին, հայ փորձագետների նման ենթադրությունները Բաքվում ոչ պակաս տագնապ են առաջացրել, եւ որոշել են դեռ չհեռացնել Մամեդյարովին: Ավելին, նա հարցազրույց է տվել, որում փորձել է թրոլինգի ենթարկել հայկական կողմին ու նրա վրա դնել մեղքը: Մամեդյարովը պնդում է, որ քննարկվում է փուլային տարբերակը, եւ Ադրբեջանը տարածքային ամբողջականությունը վերականգնելու բոլոր իրավունքներն ունի: Մի խոսքով, հին երգը:

Մամեդյարովը մի քանի օր լռել էր, ըստ երեւույթին, փորձելով թաքցնել, որ իրեն հեռացումից «փրկել» են հայ փորձագետները: Բայց հարցազրույցում, որը պետք է դառնար նրա «բացատրականը», նա այդպես էլ չի պատասխանել Մնացականյանի գլխավոր հարցին՝ Ադրբեջանը պատրա՞ստ է քննարկել Արցախի կարգավիճակը, ընդհուպ մինչեւ անկախություն:

Spread the love