Մասիս Մայիլյանը ներկայացնում է լճացումը փոխելու կարևոր և պատասխանատու հայտ

Շաբաթը բավականին անսպասելի մեկնարկեց Արցախում, որտեղ նախագահի ընտրության երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը, նախօրեին կոչ է արել ընտրողներին չմասնակցել ապրիլի 14-ին երկրորդ փուլի քվեարկությանը, քանի որ կա կորոնավիրուսի համաճարակի ռիսկ, և Արցախն այդ իմաստով պետք է լինի Հայաստանի հետ միևնույն ռեժիմում, որովհետև նաև անվտանգային նույն համակարգն է:

Մասիս Մայիլյանի այդ քայլը քաղաքական հակառակորդները կամ մրցակիցները դիտարկել են իբրև հավանական պարտությունից խուսանավելու միջոց: Հայտնի է, որ առաջին փուլում Մայիլյանը ստացել էր ձայների 26 տոկոսը, իսկ նրա մրցակից Արայիկ Հարությունյանը՝ 49: Նրան մի քանի հարյուր ձայն չէր բավականացրել պաշտոնապես հաղթող դառնալու համար:

Միաժամանակ, քաղաքական հարաբերակցության դիտարկումների ֆոնին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան հանրային մեծաթիվ շրջանակներ, որոնք խոսում են համաճարակի պայմաններում քվեարկություն անցկացնելու վտանգի մասին: Այսպես թե այնպես Մասիս Մայիլյանի հայտարարությունը ստեղծում է նոր իրավիճակ, ընդ որում՝ թե՛ նախագահի ընտրության, թե՛ ընդհանրապես Արցախի ներքաղաքական կյանքի իմաստով:

Բանն այն է, որ Մայիլյանը հայտարարում է նաև հետագա քաղաքական գործունեության մասին՝ նշելով, որ համաճարակից հետո աշխատելու են նոր Արցախի իրենց տեսլականի ուղղությամբ: Դա նշանակում է գործնականում քաղաքական գործունեության հայտ, ինչը էապես անդրադառնում է ոչ միայն նախագահի ընտրությանը նրա մրցակից Արայիկ Հարությունյանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին, այլև փաստորեն Արցախի բոլոր հիմնական քաղաքական ուժերին, այդ թվում՝ մասնավորապես խորհրդարան մտած հինգ կուսակցություններին և դաշինքներին:

Մեծ հաշվով ստացվում է, որ Մասիս Մայիլյանը հայտարարում է Արցախի, այսպես ասած, արտախորհրդարանական քաղաքական կյանքի մասին: Ինչպիսի՞ հեռանկար ունի այդ կյանքը՝ սա խոսակցության այլ նյութ է: Պետք է արձանագրել, որ Արցախի հանրությունը թե՛ մասշտաբի, թե՛ նաև պարզապես ռազմաքաղաքական իրողության և աշխարհագրականության բերումով ունի որոշակի մենթալ և վարքագծային առանձնահատկություններ, որոնք թույլ չեն տալիս իրավիճակը գնահատել թե՛ քաղաքագիտական, թե՛ նաև հայաստանյան ստանդարտի չափումներով:

Միաժամանակ, սակայն, ծայրահեղություն կամ իրավիճակի նենգափոխում է այն, որ Արցախի հանրության համար քաղաքական էական մրցակցությունն ու պայքարը վտանգավոր է և ռիսկային: Դա ուղղակի տարիներ ներդրված մի կարծրատիպ է, որի նպատակը եղել է ընդամենը հանրությանը, այսպես ասած, հաշտեցնել այն համակարգի գոյության և հարատևության հետ, որ հաստատվել է Արցախում հետպատերազմական շրջանում: Խոշոր հաշվով, մեղմ ասած, մեծ է հավանականությունը, որ Հայաստանում հեղափոխությունից հետո արցախյան այդ համակարգը գտել է պարզապես նոր իրավիճակում միջանկյալ մի լուծում, երևանյան կամ հայաստանյան իրողությունների հետ փոխզիջման գալու, միաժամանակ Արցախի իրականության մեջ տեղից սկզբունքորեն իրար չգալու տրամաբանության մեջ:

Մասիս Մայիլյանը ներկայացնում է այդ լճացումը փոխելու կարևոր և պատասխանատու հայտ, որից Արցախի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հեռանկարը կարող է միմիայն շահել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments