Մասիս Մայիլյանը ևս հանդիպել է Փաշինյանի հետ. Ինչ հիմնավորմամբ նա չի մասնակցի երկրորդ փուլին

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Արցախից Երևան է եկել և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանը:

Իսկ ուրբաթ Երևանում էր ընտրությունների երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը:

Մայիլյանը հայտնվել է բավական ծանր կացության մեջ, քանի որ ընտրությունների առաջին փուլում նրան աջակցած Սամվել Բաբայանի հետ առաջացել են խնդիրներ, իսկ առանց նրա աջակցության՝ Մայիլյանը ոչ մի կերպ չի կարող մասնակցել երկրորդ փուլին: Մնում է ձևակերպել այն հիմնավորումը, որով նա չի մասնակցի երկրորդ փուլին»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից միայն հինգ օր անց պարզ դարձավ, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը որոշել է դուրս գալ պայքարից։ Սակայն հետաքրքիր է, որ նա իր հայտարարությունից մեկ օր առաջ եղել է Երևանում. թե ում հետ է հանդիպել նախագահի թեկնածուն, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ինչ-ինչ ճշտումներ կատարելուց հետո նոր դիրքորոշում հայտնեց: Դա, սակայն, արեց ուշացումով, և հիմա քվեաթերթիկում, միևնույնն է, երկու անուն է լինելու՝ Մասիս Մայիլյան, Արայիկ Հարությունյան։ Բանն այն է, որ, Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում է ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԿԸՀ-ից տեղեկացավ, որ նրա կողմից որևէ դիմում ներկայացված չէ։ Ստացվում է՝ նա, լինելով նախագահի թեկնածու, փաստորեն տեղյակ չի եղել ու բաց է թողել թեկնածություն հանելու ժամկետը: Ու հիմա տպավորություն է, որ իր դեմքով իրականում ընդամենը 3505 ձայն ստացած նախագահի թեկնածուն մինչև հիմա չի կողմնորոշվում՝ ինչ անել: Մի կողմից՝ նա ասում է, որ ընտրությունները նոր Արցախին համապատասխան չէին, և մի քանի կողմնակիցների «գործուղում է» բողոքի ակցիաների, մյուս կողմից էլ՝ նրա գլխավորած ԱԳՆ-ն ընտրությունները ողջունեց հենց հաջորդ օրը։ Այսքանից հետո մեզ մնում է սպասել մինչև ապրիլի 14-ը, որից հետո նոր կերևա՝ Մայիլյանը կգնա գործարքի՝ ինչ-որ պաշտոն վերցնելով Արայիկ Հարությունյանից և հնազանդվելով, թե արցախցու թասիբը ի հայտ կգա, ու նա արտախորհրդարանական ընդդիմադիրի կարգավիճակում կմնա, ինչպես հիմա է»։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments