Մոնիտորինգի ամերիկյան մեխանիզմների ու ռուս խաղաղապահների միջեւ. Ինչ է կատարվում սահմանին

- in Կարծիք
Zinvor

Հայաստանի նախկին իշխանության հետ կապված հեռուստաընկերությունները ֆիլմ են ցուցադրել ապրիլյան պատերազմի մասին: Ֆիլմը նկարահանվել է նախկին իշխանության վրայից մեղքը «մաքրելու» նպատակով:

Ելույթ են ունեցել գրեթե բոլոր պատասխանատու անձինք, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

Ֆիլմը չի տվել մի քանի առանցքային հարցի պատասխան:

Ի՞նչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Ջո Բայդենը 2016 թվականի մարտի 31-ին, միջնորդներից նոր առաջարկներ եղե՞լ են, եւ ի՞նչն է ստիպել Ալիեւին Բայդենի հետ հանդիպումից անմիջապես հետո հարձակում սկսելու հրաման տալ:

Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններով է Յուրի Խաչատուրովը հանդիպել Ռուսաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերին եւ ի՞նչ պայմաններով է կնքվել հրադադարը:

Ինչու՞ Հայաստանը չի պնդել միջադեպերի քննության մեխանիզմների տեղակայումը եւ արդյոք Ռուսաստանը խոչընդոտել է այդ մեխանիզմների ներդրմանը: Ռուսաստանը դրա փոխարեն առաջարկե՞լ է ՀԱՊԿ զորքերի կամ ռուս խաղաղապահների տեղակայում:

Սրանք շատ կարեւոր հարցեր են եւ պատասխանները կարող են օգնել Հայսատանին հաղթահարելու Երեւանի վրա ճնշման նորալիքը, որն աճում է Հայաստանի սահմանին իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերի եւ Ռուսաստանի «պարիտետային» դիրքորոշման պատճառով: Ադրբեջանը պարբերաբար գնդակոծում է Հայաստանի սահմանային գյուղերը, դիվերսիոն ներթափանցման փորձեր անում: Զուգահեռ Հայաստանին նախատում են, որ չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը: Իր հերթին, Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ համանախագահները սպասում էին, որ Հայաստանը օգնության կդիմի, որ տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայվեն:

Դատելով արդեն իսկ հնչած «խոստովանություններից» ու տեղեկություններից՝ 2016 թվականի ապրիլին տեղի է ունեցել «պատերազմ» մոնիտորինգի ամերիկյան մեխանիզմների ու ռուս խաղաղապահների միջեւ: «Փոխզիջումը» եղել է այն, որ չեն թողել ոչ մեկի, ոչ մյուսի մուտքը: Պատմությունը կդատի՝ արդյոք այդ փոխզիջումը ճիշտ է, թե Հայաստանի ղեկավարությունը կորցրել է արատավոր երկընտրանքը կոտրելու հնարավորությունը:

Դատելով այն բանից, որ Ադրբեջանը սկսել է սրել իրավիճակը «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում», Մոսկվան չի դադարեցնում իր փորձերը, արդեն «ՀԱՊԿ խաղաղապահների» տեսքով: Զուր չէ, որ սահմանային դեպքերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է ռիսկերի նվազման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման եւ այդ նպատակով արդյունավետ միջազգային մեխանիզմների ստեղծման կարեւորությունը:

Վաշինգտոնը շարունակու՞մ է մոնիտորինգի մեխանիզմների ներդրում առաջարկել: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին, Ֆեյսբուքով տեսակոնֆերանսի ժամանակ պատասխանելով Արցախում ականազերծման ֆինանսավորման դադարեցման որոշման մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է գործողություններ, որոնք կարող են նպաստել հակամարտության կարգավորմանը ու կօգնեն ապահովել երկարաժամկետ խաղաղ ու արդարացի լուծում:

Ի՞նչ գործողություններ է դիտարկում ԱՄՆ-ն եւ արդյոք դիտարկում է հայկական սահմանների երկայնքով մեխանիզմների ներդրումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments