Յուրի Խաչատուրովի խորհրդավոր մանրամասները

- in Պնակալեզներ
Khachaturov

Ադրբեջանին իհարկե հաջողվեց մեզ համար անսպասելիություն ապահովել, բայց հայկական զինուժը կարողացավ դիմակայել գրոհը, ու ապրիլի 3-ին մենք արդեն մշակում էինք կորցրած դիրքերը հետ բերելու պլանները, ասել է ապրիլյան քառօրյայի ժամանակ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Յուրի Խաչատուրովը հետաքրքիր հանգամանք է շոշափում: Բանն այն է, որ հայկական ուժերն ամբողջը չէ, որ կարողացան հետ բերել: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ թեեւ ինքը այն ժամանակ 800 հեկտար էր ասել, սակայն իրականում չափազանցրել էր գիտակցաբար, իսկ կորուստը սանտիմետր առ սանտիմետր կազմում է դրա կեսից էլ պակաս:

 

Զինադադարը կասեցրեց հայկական կողմի հակագրոհը: Այդ մասին օրեր առաջ խոսել էր Արցախի Սրբազանը՝ Պարգեւ Արքեպիսկոպոսը: Սակայն, ապրիլյան պատերազմից հետո ռուսաստանցի ռազմական փորձագետ Եվսեեւն էր հայտարարել, որ Մոսկվայում զինադադարը կասեցրել է հայկական հակագրոհը:

Մոսկվայի զինադադարը կնքել է կամ դրա շուրջ բանակցել է Յուրի Խաչատուրովը, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, ապրիլի 5-ին: Իհարկե, դրանից հետո դեռ երկար ժամանակ եղել են կրակոցներ եւ երկկողմ զոհեր, բայց լայնամասշտաբ գործողությունը դադարեց: Այլ կերպ ասած, զինադադարով Ադրբեջանը գործնականում պահեց այն մի քանի դիրքը, որ վերցրել էր: Հակառակ պարագայում մնալու էր ձեռնունայն:

Փաստորեն, Մոսկվայի զինադադարը կիսատ թողեց նաեւ այն պլանները, որոնց մասին խոսում է Յուրի Խաչատուրովը:

Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլից մի քանի ամիս անց խոսելով Մոսկվայում այդ բանակցության մասին, տարօրինակ հայտարարություն էր արել, որ ինքը տեղյակ չէ դրա մանրամասներից, բայց գնացին համաձայնության, նոր զոհերից խուսափելու համար: Գործնականում, դիրքերի կորուստը, դիրքերը հետ չվերցնելը Սերժ Սարգսյանը բացատրեց նոր զոհեր չտալու, կյանքեր խնայելու հանգամանքով:

Այստեղ իրավիճակն իսկապես բարդ է՝ միարժեք գնահատականի արժանացնելու համար:

Սակայն, քննարկումները պետք է ենթադրեն նաեւ հարց՝ իսկ արդյոք բանը միայն դիրք վերականգնելն էր, թե՞ հայկական զինուժն ի զորու էր վերցնել նոր դիրքեր, եւ կասեցվել է ոչ թե հայկական դիրքերի վերականգնումը, այլ կասեցվել է Ադրբեջանի դիրքերի նոր կորուստը:

Այդուհանդերձ, ի՞նչ մանրամասներ են քննարկվել Մոսկվայում հրադադարի առիթով: Յուրի Խաչատուրովը պատմե՞լ է դրանք Սերժ Սարգսյանին: Թե՞ Սերժ Սարգսյանը մանրամասներով չի էլ հետաքրքրվել, համոզված լինելով, որ միեւնույն է՝ Խաչատուրովը չի հայտնի դրանք, կամ չի մատնի Մոսկվային:

Իսկ Մոսկվային հրադադարն իսկապես պետք էր, որովհետեւ իրադրությունը զարգացել էր այնպես, որ հայերը չէին մնացել ռուսական օգնության հույսին: Միաժամանակ, ռազմական գործողության երկարելու դեպքում Ռուսաստանը չէր կարող երկար չեզոք մնալ, դա նշանակելու էր կորցնել Հայաստանը: Միեւնույն ժամանակ, Կրեմլը չէր կարող թույլ տալ Ադրբեջանի պարտությունը: Մնում էր կանգնեցնել, ինչը ձեռնտու էր նաեւ արցախյան դիրքերում իրականում սայթաքած Ալիեւին:

Ինչու՞ կանգնեց Սերժ Սարգսյանը: Ավելի կյանքեր չկորցնելու անկեղծ մղումո՞վ, թեկուզ դիրքերի կորստի հարվածի տակ մտնելով, թե՞ Սերժ Սարգսյանը պատկերացնում էր, որ շարունակելու դեպքում այդուհանդերձ Մոսկվան կանցներ Բաքվի կողմ, ինչպես գործնականում առաջին պատերազմի առանցքային դրվագներում, հայաթափելով Գետաշենն ու Շահումյանը եւ ստիպելով հայերին օգնություն խնդրել իրենից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments