Նախարարություններով, պաշտոնյաներով ձեզ հետ կտոնենք «Վերջին զանգը», երբ կորոնավիրուսը սպառնալիք չլինի

- in Կրթություն

Վերջին զանգի միջոցառումը կկազմակերպենք ու կտոնենք միասին, երբ կորոնավիրուսային վտանգն այլեւս սպառնալիք չի լինի. այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հենց որ արձանագրում ենք, որ համավարակն այլեւս վտանգ չի ներկայացնում, եւ մենք խնդիր չունենք արդեն սահմանափակումների հետ, միասին որոշում ենք որեւէ օր եւ իրականացնում ենք «վերջին զանգի» արարողությունները: Նախարարություններն էլ, պաշտոնյաներն էլ կմասնակցեն ձեզ հետ այդ միջոցառումներին: Վստահ եմ, որ ոչ միայն դուք, որ այս ընթացքում տներում փակված եք եղել եւ սահմանափակումներ եք ունեցել, այլեւ՝ մենք, որ տեսնում ենք այս սահմանափակումները, կարիք ունենք այդպիսի հանրային միջոցառումների: Այլեւս բոլորս այդպիսի կարիքներ ունենք՝ դուրս գալու փողոց, շփվելու իրար հետ: Բայց հիմա քանի որ սահմանափակումները կան, մի օր կորոշենք, թե ինչ ենք անում, եւ միասին այդ հարցը կկարգավորենք»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ «Վերջին զանգը» կարեւոր է «յուրաքանչյուրիս կյանքում», քանի որ մի շատ կարեւոր էջ փակվում է, եւ մի շատ կարեւոր էջ՝ բացվում: «Բայց ունենք համավարակի տարածման խնդիր, եւ պիտի արձանագրենք, որ երիտասարդները, պատանիները եւ աշակերտները հիմնականում, եթե հիվանդանում էլ են, իրենց մոտ հիվանդությունն ընթացնում է առանց սիմպտոմների: Բայց իրենք դառնում են վարակակիր, եւ եթե մեծ միջոցառումներ իրականացնենք, իրենք կարող են վարակը տարածել իրենց ընտանիքներում, ուր կան տարեց պապիկ-տատիկներ, ծնողներ, որ կարող են ունենալ քրոնիկ հիվանդություններ, եւ դրանք էլ ամենախոցելի խմբերն են, եւ մենք առավելագույնը պիտի անենք վարակը չտարածելու եւ իրենց առողջությանը չվնասելու համար»,- նշեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments