Նիկոլ Փաշինյանը՝ թանկացումների մասին

- in Սոցիալական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձավ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս օրերի գնաճը։

«Ես նախ կխնդրեի, որ մենք այսպես ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որովհետև դա միշտ լավ չէ։ Եվ ես ուզում եմ, որ մենք արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում, որովհետև ի սկզբանե, ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև շատ երկրներ, խնդիր ունեին ուղղակի ապահովել պարենի գոյությունը խանութներում։ Ոմանք մեր երկրում նույնպիսի ապրանքային ապոկալիպսիս էին կանխատեսում, որ բոլոր խանութների ցուցափեղկերը դատարկվելու են։ Բայց տեսնում ենք, որ դա տեղի չունեցավ, և փառք Աստծո, դա չի սպառնում ՀՀ-ին»,- ասաց նա։

Երկրորդ փաստը, նրա խոսքով, հետևյալն է։ 2018-2019 թվականներին և 2020 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն։ Այսինքն՝ Հայաստանում նախաճգնաժամային ժամանակաշրջանում ցածր գնաճային ֆոն է եղել։ «Եվ փետրվարին նույնիսկ մենք 0,2 տոկոսով գնանկում ենք ունեցել։ Ինչ վերաբերում է գնաճային երևույթներին, ես, օրինակ, այսօր առավոտյան վերցրել եմ խոշոր առևտրային ցանցերի իրավիճակը։ Եվ խոշոր առևտրային ցանցերում, իմ ձեռքի տակ եղած տվյալներով, ընդհանրապես հացի թանկացում տեղի չի ունեցել։ Որոշ ապրանքների որոշ թանկացումներ, այո, տեղի են ունեցել։ Եվ այդ թանկացումները մեզ անհնանգստացնում են։ Հիմա կասեմ, թե մենք ինչ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել։ Բայց ուզում եմ ասել նաև, որ այդ թանկացումների մի մասը կարող է կապված լինել արտարժութային տատանումների հետ։ Եվ այս ռիսկը կառավարելու համար կառավարությունը հակաճգմաժամային առաջին միջոցառումների շրջանակներում ներկրողներին տալիս է արտոնյալ վարկեր, որտեղ որոշակիորեն աջակցում ենք նրանց արտարժութային ռիսկերից»,- ասաց նա։

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ շրջանակներում ավելի քան 600 ապրանքների մաքսատուրքերը 2020 թվականի հունվարի մեկից բարձրացրել էին։ «Եվ մենք բանակցեցինք, Հայաստանի համար վերադարձրինք նախկին մակարդակի։ Շուտով այդ որոշումն ուժի մեջ կմտնի, և մաքսատուրքերը առաջիկա վեց ամիսների համար կիջնեն։ Մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, արևածաղկի ձեթի, մարգարինի, հնդկաձավարի, տարեկանի, բժշկական պարագաների մաքսատուրքերը։ Եվ մենք համոզված ենք, որ այս գործողությունները որոշակիորեն կմեղմեն գնաճը»,- նշեց վարչապետը։

Նա նշեց, որ չպետք է վախեցնենք ինքներս մեզ, որսով կլինի։ Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, բոլոր դժվարությունները կհաղթահարվեն։ Նա ընդգծեց՝ Հայաստանն ունի պարենի բավարար պաշարներ։ Ըստ նրա՝ իրավիճակը հսկվում է, անտրամաբանական ու հակամրցակցային գնաճ երկրում տեղի չի ունենա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments