Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակը կառավարելի է, բայց քաղաքացիներին կոչ արեց չմատնվել «արխայինության»

- in Վերլուծական

Հայաստանը պատրաստվում է կորոնավիրուսի համաճարակի պիկին, ինչն ակնհայտ էր վարչապետ Փաշինյանի՝ նախօրեին կառավարության նիստում ունեցած ելույթից: Թեև այդ հանգամանքը նկատելի էր նաև ավելի վաղ որոշակի հաղորդագրություններից և քայլերից:

Մասնավորապես, միայն համաճարակը սպասարկելու համար առանձնացվեց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, որն ամենամեծ բուժհաստատությունն է: Համացանցում տարածվեց նաև լուսանկար Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնից, որի մեծ նախասրահը համալրվել է մահճակալներով՝ անհրաժեշտ մեկուսացման համար:

Դրան զուգահեռ նկատելի է, որ աճել է վարակի օրական վիճակագրությունը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակը կառավարելի է, բայց քաղաքացիներին կոչ արեց չմատնվել «արխայինության»: Պետք է արձանագրել, որ իրադրության կառավարելիության առումով վիճակագրությունը ճշգրիտ ցուցիչ չէ: Այսինքն՝ կառավարելիությունը կախված չէ հանգամանքից, թե որքան է վարակակիրների քանակը: Գլխավոր խնդիրը շղթաների վերահսկման արդյունավետությունն է, որն էլ, առողջապահության նախարարի հավաստմամբ, փորձում են պահել:

Մի բան ակնառու է, որ անտեղի է որևէ համեմատություն այլ երկրների հետ՝ մի պարզ պատճառով. համեմատությունը զուտ, այսպես ասած, թերթային է, իսկ թե կոնկրետ երկրում իրավիճակի պատկերի որ մասն է հայտնվում թերթերում և ինչ մատուցմամբ՝ ասելը չափազանց դժվար է: Ըստ այդմ, խոշոր հաշվով հնարավոր է արձանագրել թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային վիճակի մի պարզ իրողություն՝ վիճակագրությունը, որ մատուցվում է ամենօրյա ռեժիմով, ավելի շատ մեդիաապրանք է, քան հավաստի և վստահելի պատկեր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթները լինելու են չափազանց ծանր, որից հետո երևալու է թունելի լույսը: Ի՞նչ տեղեկատվության է տիրապետում ԱՄՆ նախագահը, որի պարբերական դարձած ասուլիսները վերածվել են համաճարակի և դրանով պայմանավորված համաշխարհային իրավիճակի յուրօրինակ «հեռակառավարման վահանակի»: Մյուս երկրների առաջնորդները գործնականում ավելի սակավախոս են, սակայն նրանց երկրներում դրանից վիճակի էական տարբերություն հազիվ թե կա: Ավելին, կա ԱՄՆ-ում ծանր վիճակի պատկերը, բայց որևէ երաշխիք չկա, թե ինչպիսին է իրական պատկերն այլ՝ ավելի սակավախոսների երկրներում:

Միաժամանակ, ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին հարկադրված էր երկրորդ անգամ ուղերձով դիմել ռուսաստանցիներին և երկարաձգել ոչ աշխատանքային ռեժիմը մինչև ապրիլի 30-ը: Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լիարժեք կենսագործունեության ռեժիմի կանցնի ապրիլի 12-ից հետո:

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը հաստատված է մինչև ապրիլի 14-ը: Ապրիլի 1-ից ռեժիմն առավել խստացվել է տասն օրով: Պիկը հասունանում է ոչ միայն Հայաստանում, այլև գործնականում աշխարհում ընդհանրապես: Ընդ որում, պիկ ասվածն ըստ ամենայնի ներառում է ոչ միայն զուտ վարակաբանական ասպեկտները, այլ նաև աշխարհաքաղաքական, որոնք ավելի ու ավելի նկատելի են խմորվում վարակի առողջապահական «դիմակի» ներքո:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments