«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի հայտարարությունը

- in Ընտրություններ

Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում։ Չանսալով ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուների մոտ կեսի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչին ու պահանջին, Արցախի ինշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը և ապահովել իրենց նախընտրած թեկնածուի ու քաղաքական ուժի հաղթանակը։

Համապետական ընտրությունների ժամանակ արձանագրվել են լուրջ խախտումներ, որոնք տեղացի և հայաստանյան դիտորդների կողմից արձանագրվել են ընտրատեղամասերի զգալի մասում։ Փաստորեն ընտրական գործընթացի ոչ բնականոն պայմաններն օգտագործվել են քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա ներազդելու նպատակով։ Եւ որ ամենավատն է՝ ռիսկի տակ դնելով մարդկանց առողջությունը, այն նույն մարդկանց, իբր հանուն որոնց բարեկեցիկ ու անվտանգ ապագայի չեն հետաձգվել ընտրությունները։

ԱՀ նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի մարտի 27-ի հայտարարության մեջ իշխանություններին կոչ էր արվում անպայման նկատի ունենալ միջազգային փորձը, ըստ որի համավարակի վտանգների թերագնահատումը հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների։ Մարտի 31-ի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ մտահոգությունն ավելի քան տեղին էր։

Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման մասին վերջին տեղեկությունները խիստ մտահոգիչ են, ինչը մեզ բերում է այն համոզման, որ այս պայմաններում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, կարող է անդառնալի վնաս պատճառել մարդկանց առողջությանը և ուղղակի սասանել մեր երկրի անվտանգության հիմքերը։

Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Արցախը ՀՀ-ի հետ անվտանգության ընդհանուր միջավայրում է, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն։ Գոնե հիմա՝ արդեն իսկ մի փորձությունից ու դրա տխուր հետևանքներից հետո, Արցախի իշխանությունները պետք է կամք ու վճռականություն դրսևորեն, առաջնորդվեն միայն ու միայն հանրային շահերով, արտակարգ դրություն հայտարարեն՝ դրանից բխող միջոցներ ձեռնարկելով համավարակի հնարավորինս արդյունավետ կանխարգելման ուղղությամբ և հետաձգեն երկրորդ փուլի քվեարկությունը, այլապես ստիպված են լինելու ստանձնել հետագա բարդացումների ողջ պատասխանատվությունը։

Անկախ ամեն ինչից՝ մեր քաղաքացիներին կոչ ենք անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։

Մեր երկրի անվտանգությունը և յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեքներ են, և հետագա քայլերի տրամաբանությունը պիտի բխի միմիայն այս նպատակներից։

«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments