Ով է ուշքի բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. անսպասելի շրջադարձ

- in Կեղտոտ լվացք
HAPK

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը աձագանքել է Հայաստանի սահմանին՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիային, որը հետ մղելիս վիրավորվել է երկու հայ զինծառայող: Սահմանի Ոսկեվան գյուղի մի 14-ամյա բնակիչ էլ էր վիրավորվել ադրբեջանական կրակոցից:

Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»՝ անդամ երկրի սահմանին: Նա ասել է նաեւ, որ առավել տարակուսելի է, երբ դա տեղի է ունենում համաշխարհային համաճարակի ֆոնին: «Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ, Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին», նշված է Զասի արձագանքում:

Զասն ավելի վաղ տարածել էր մի հայտարարություն, որը բնորոշ է մինչ այդ ՀԱՊԿ համար ավանդական, ամորֆ, չեզոք սեռի հայտարարություններին: Դա իհարկե ՀԱՊԿ արձագանքի առումով անսպասելի չէր: Անսպասելի էր այն, որ այդ արձագանքը ավելի ուշ հեռացվել է կայքից, իսկ հետո արդեն Զասը փոքր ինչ ավելի որոշակի պատասխան է տվել Արմենպրեսի հարցին: Արդյոք դա տեղի է ունեցել որոշակի խողովակներով հայկական կողմի դժգոհությունից հետո: Հայաստանի ԱԽ քարտուղարը եւ Զասը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին տեղեկություն է հրապարակել Արմեն Գրիգորյանը: Նրա հրապարակած տեղեկության մեջ չկա այն, որ խոսվել է մարտի 30-ի դիվերսիայի մասին:

Արդյոք լռությունը պայմնավորված է Զասի արձագանքը փոխելու պայմանով: Միաժամանակ, պատասխանն իհարկե ռազմա-քաղաքական բլոկին վայել կարող է համարվել մեծ վերապահումով, կամ շատ մեծ ցանկության դեպքում, որովհետեւ Զասի արձագանքում բացակայում է մի բան՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հանդեպ կատարվող ոտնձգության համար որեւէ պատասխանատվության հիշատակում:

Լոկ մտահոգությունը, թե դեպքը տեղի է ունեցել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, խոշոր հաշվով կարող է նշանակել նաեւ այլ բան՝ հորդոր կամ դիմում, ակնարկ Ադրբեջանին, որ հաջորդ անգամ սադրանքներ կազմակերպի այնպիսի ուղղության վրա, որը չի առաջացնի ՀԱՊԿ արձագանքի անհրաժեշտություն եւ չի ստեղծի դա անելու անհարմար վիճակ:

Որովհետեւ ՀԱՊԿ արձագանքները խոշոր հաշվով այնպիսին են, որ դրանք ավելի պատասխանատու են թվում Ադրբեջանի հանդեպ, քան դաշինքի անդամ Հայաստանի:

Ըստ այդմ, Ստանիսլավ Զասի արձագանքը ամենեւին չի հանում հարցը՝ այն արված է բլոկի անդամ, դաշնակից Հայաստանի՞ն գոհացնելու, թե՞ ավելի շուտ՝ ոչ անդամ Ադրբեջանին դժգոհ չթողնելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments