Ունենք երկու ծայրահեղություն. Մեկ օրվա տվյալով պետք չէ երևի հետևություն անել

«Մեկ օրվա տվյալով պետք չէ երևի հետևություն անել, բայց մենք կորոնավիրուսի դեպքերի տեմպի աճի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած։ Չնայած դրա նախորդ օրը մենք ունեինք տեմպի նվազում»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունեալով այն, որ նախորդ մեկ օրում Հայաստասնում կորոնավիրուսի 92 նոր դեպք է հաստատվել։

Վարչապետը նշեց, որ այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ թեստավորման քանակները մեծացրել են։ «Եվ դա ճիշտ մոտեցում է, մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշենք, ընդհակառակը, մենք ուզում ենք հնարավորինս շատ դեպք ախտորոշենք։ Եվ այստեղ ընդհանուր առմամբ մենք կարող ենք ասել, որ մեր իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է։ Մենք ամեն օր քննարկում ենք, էլի ուզում եմ կրկնել, որ ունենք երկու պրոբլեմ։ Կա երկու ծայրահեղություն, մի ծայրահեղությունը դա խուճապն է այս պրոցեսի հետ կապված, որն  անթույլատրելի է և դրա կարիքը չկա ընդհանրապես։ Եվ երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է այս համաճարակի տարածման հետ կապված։ Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ոնց հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երևույթները։ Հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված վիճակի, որովհետև երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն։ Իհարկե, դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է։ Հենց այս հանգստությունն է, որ մեզ համար ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա»,- ասաց նա։

Փաշինյանը դիմեց բնակչությանը «Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք էս պրոբլեմին։ Այսօր մեր հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի։ Այսինքն՝ եթե սա լիներ նախկին մեզ հայտնի վարակ, օրինակ, գրիպ, մենք այսօրվա մեր հիվանդների 80 տոկոսին կասեինք՝ ուղղակի գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք և վերջ։ Եվ հիմա էլ այս մեր հիվանդների 80 տոկոսին ըստ էության չենք բուժում։ Բայց ինչո՞ւ ենք նրանց պահում հաստատություններում, մի պարզ պատճառով, որովհետև եթե նրանք դուրս գան, կվարակեն այլ քաղաքացիների»։

Նա նշեց, որ, ցավոք, կորոնավիրուսից 4-րդ մահը եղավ, ամենամեծ ռիսկի խումբը շարունակում են մնալ տարեցները։ Եվ մեկուսացման պայմանները չպահելով՝ առաջին հերթին վտանգի տակ ենք դնում ավագ սերնդի ներկայացուցիչներին, ասաց վարչապետը։

«Ուզում եմ ճշգրտել, որ սա չի նշանակում, որ ավելի երիտասարդների համար երաշխավորված է, որ վիրուսը լինելու է անվտանգ։ Ոչ, այդպիսի բան որևէ մեկը չի կարող պնդել, ուղղակի առավելապես վիրուսը վտանագավոր է մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Իհարկե, պարետատունը միջոցներ ձեռնարկել է, ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով պահպանում է սահմանված արտակարգ դրության ռեժիմը, բայց սա այն դեպքը չէ, երբ այս արտակարգ միջոցներն իրականացվում են ինչ-որ քաղաքական կամ այլ նապատակներով։ Սա արվում է մեր քաղաքացիների անվտանգության համար։ Եվ մեր քաղաքացիներին պետք է խնդրենք ավելի շատ ջանք թափել՝ սեփական անվտանգությունը պահպանելու համար»,- հավելեց վարչապետը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments